Մոսկվայի մարզում ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել թմրանյութեր արտադրելու համար
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Մոսկվայի մարզի Չեխով քաղաքում ձերբակալել են ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի, որը զբաղվել է սինթետիկ թմրանյութերի արտադրությամբ ու վաճառքով։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը:
Ըստ հաղորդագրության` ԱԴԾ-ն տեղեկություն է ստացել, որ Մոսկվայի մարզի տարածքում թմրանյութերի արտադրությամբ զբաղվող ընդհատակյա լաբորատորիա է գործում մի քանի անօրինական առցանց խանութների համար։
Հանցագործներից առգրավվել է ավելի քան 85 կգ մեֆեդրոն, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներ և տարբեր քիմիական նյութեր: Հետաքննություն է ընթանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների արտադրության հոդվածով, հանցավոր խմբի մասնակիցները ձերբակալվել են:
Իրավապահները պարզում են` արդյոք ձերբակալվածներն առնչություն ունեն այլ ընդհատակյա լաբորատորիաների գործունեության հետ, թե ոչ։