Բաժիններ՝

Ժառանգության բաժանում

Եթե ծնողները նյութապես ապահովված են, ապա նրանք պատասխանատու են իրենց երեխաների ապագայի համար: Իհարկե, կարևոր է, որ նրանք երեխաներին լավ մարդ դաստիարակեն, այնուհետև օգնեն նրանց բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստանալ, որպեսզի երեխաները կարողանան վաստակել իրենց ապրուստի գումարը: Այնուհետև ծնողները պետք է նրանց համար ինչ-որ տուն ձեռք բերեն և այլն:

Երբ 1924-ին, բնակչության այն ժամանակվա փոխանակման հետ կապված*, մեր ընտանիքը Կապադովկիայի Ֆարաս քաղաքից Հունաստան տեղափոխվեց, հայրս, գյուղապետ լինելով, փորձեց մեր բոլոր համագյուղացիների կյանքը կարգավորել: Իր ընտանիքը նա հետին պլանում թողեց:

Հետո, երբ իմ եղբայրներն ու քույրերը մեծացան, սկսեցին տրտնջալ․ «Հա՛յր, դու բոլորի մասին հոգ ես տանում,- ասում էին նրանք,- իսկ ահա մեր մասին չես մտածել»: Եթե մարդը մենակ է, կարող է ամեն ինչ տալ մյուսներին և անձնուրացությունից ելնելով՝ ինքն իր հանդեպ կատարյալ անտարբերություն ցուցաբերել: Սակայն, եթե մարդն ընտանիք ունի՝ պարտավոր է մտածել նրա մասին:

Ծնողներն, իհարկե, չպետք է գլուխները կորցնեն ու երեխաներին միանգամից ամեն ինչ տան, քանի որ երիտասարդությունն անփորձ է և արդի, անհագուրդ կյանքում կարող են իրենց միջոցներից առավել ծախսեր անել: Այնուհետև ծնողների համար ցավալի կլինի, երբ հասկանան, որ նրանց ոչնչով չեն կարող օգնել: Բացի այդ, ծնողները պետք է ուշադիր լինեն ավելի թույլ երեխայի նկատմամբ և նրան ավելի շատ նյութական, առավել ևս բարոյական բարիքներ տան, որպեսզի անհաջողակության խուճապը՝ բուռն հոսանքի պես, նրան դեպի ցած չտանի: Սակայն իրենց բոլոր երեխաների մասին էլ ծնողները պետք է սիրով և դատողությամբ հոգ տանեն, որպեսզի նրանց հարաբերություններում սառնություն չառաջանա:

Կարդացեք նաև

Այժմ հազվադեպ կհանդիպես համերաշխ ընտանիքների, որ հոգևոր կյանքով են ապրում, որտեղ եղբայրներն ու քույրերը չեն վիճում միմյանց հետ հողատարածքների, ժառանգության համար և չեն վազում դատարաններով: Ես մի ընտանիք գիտեի, որ յոթ հոգուց էր բաղկացած: Ծնողները ոսկյա զարդեր ունեին: Նրանց մահից հետո երեխաները որոշեցին, որ ոսկեղենն այն եղբայրը պետք է ստանա, որն օր ծերության հոգ էր տարել ծնողների մասին: Սակայն այդ եղբայրը մտածեց, որ իրենց քույրը մեծ ընտանիք ունի և ավելի շատ է զգում այդ ոսկեղենի կարիքը: Նա ոսկին նրան տվեց: Քույրն էլ տվեց երրորդ եղբորը, նա էլ՝ չորրորդին, և ի վերջո ոսկին վերադարձավ առաջին եղբորը: Այսինքն՝ այս մարդկանց հետ տեղի ունեցավ այն, ինչ նկարագրված է Լավսայիկում**: Արդյունքում, քանի որ առաջին եղբայրն էլ չէր կամենում իրեն պահել այդ ոսկին, նրանք որոշեցին այն նվիրատվություն անել վանքին:

* Հունաստանի և Թուրքիայի միջև բնակչության փոխանակումն է 1924-ին: Թուրքիայում ապրող հույները վերաբնակվեցին Հունաստանում, իսկ Հունաստանում ապրող թուրքերը՝ Թուրքիայում:

** Տե՛ս՝ Епископ Палладий Еленопольский. «Лавсаик, или повествование о жизни святых и блаженных отцов». Глава о Серапионе, стр. 176-177: Фонд христианская жизнь. Клин, 2001:

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս