2019-2023 թթ․ Եվրոպայի երկրների կողմից զենքի գնումները գրեթե կրկնապատկվել են. SIPRI
Վերջին հինգ տարիների ընթացքում եվրոպական երկրները գրեթե կրկնապատկել են զենքի գնումները։ Այս մասին նշված է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) նոր զեկույցում, որը վերաբերում է 2019-2023 թվականների ընթացքում զենքի համաշխարհային առևտրին։
Զեկույցում նշված է, որ 2014-2018 հնգամյա ժամանակահատվածի համեմատությամբ եվրոպական երկրների կողմից զենքի գնումները 2019-2023 թվականներին գրեթե կրկնապատկվել են (+94 %)։
2019-2023 թվականներին ավելի մեծ թվով զենքեր են մտել Ասիայի և Օվկիանիայի երկրներ և Մերձավոր Արևելք, որտեղ գտնվում են աշխարհում զենքի 10 խոշորագույն ներմուծողներից ինը։
2019-2023 թվականներին, 2014-2018 թվականների համեմատությամբ, ԱՄՆ-ն ռազմական վաճառքների ծավալն ավելացրել է 17 %-ով։ Համաշխարհային զենքի արտահանման նրա բաժինը 34 %-ից հասել է 42 %-ի։ Երկիրը վերջին հնգամյա ժամանակահատվածում զենք է մատակարարել 107 երկրի, ինչն ավելի է, քան նախորդ հնգամյակում, և գերազանցում է բոլոր այլ զենք արտահանող երկրների ցուցանիշները։
Ռուսաստանի զենքի արտահանումը կիսով չափ կրճատվել է։ Առաջին անգամ SIPRI-ի ցուցակում Ռուսաստանի Դաշնությունն զբաղեցրել է երրորդ տեղն աշխարհի խոշորագույն արտահանողների շարքում՝ երկրորդ տեղը զիջելով Ֆրանսիային։
Զենքի մատակարարումների համաշխարհային ծավալը վերոնշյալ ժամանակահատվածում գրանցել է փոքր-ինչ անկում ՝ 3,3 %-ով: