Հայիթիում ԱՄՆ-ի, Գերմանիայի և ԵՄ-ի դեսպանատները տարհանել են աշխատակիցներին՝ հանցախմբերի բռնությունների պատճառով
Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Եվրամիության առաքելությունները սկսել են Հայիթիում իրենց դեսպանատներից տարհանել աշխատակիցներին, քանի որ Պորտ-օ-Պրենսում սաստկանում են հանցախմբերի կողմից բռնությունները։
Ըստ ԱՄՆ զինվորականների՝ գործողության ընթացքում ռազմական օդանավով տարհանվել են դեսպանատան աշխատակիցները։ Մարտի 10-ին արված գրառման մեջ ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ Պետքարտուղարությունը կազմակերպել է տարհանումը գիշերը՝ դեսպանատան և օդանավակայանի հարակից շրջանում «հանցախմբերի բռնությունների աճի» պատճառով։
Ըստ Սպիտակ տան՝ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել տարհանմանը և «խորապես մտահոգված է» ստեղծված իրավիճակի պատճառով։
Գերմանիան և ԵՄ-ն նույնպես Պորտ-օ-Պրենսից տարհանել են իրենց դեսպանատների անձնակազմերին։ Ինքնաթիռում եղել են Գերմանիայի դեսպանը և ԵՄ-ի դեսպանը։ Ըստ CNN-ի աղբյուրների՝ գործողությունը պլանավորվել է մի քանի օր։ Դոմինիկյան Հանրապետությունը, որը փակել է իր օդային տարածքի Հայիթիի համար, բացառություն է արել և թույլ տվել կոմերցիոն ուղղաթիռի մուտքը երկիր, որն առնվազն երկու չվերթ է իրականացրել, հավելել են աղբյուրները։
Պորտ-օ-Պրենսում լարվածությունն աճել է վերջին մի քանի օրերի ընթացքում։ Օրեր առաջ հանցախմբերը հարձակվել էին բանտերի վրա, որի հետևանքով ավելի քան 4000 բանտարկյալ էր փախուստի դիմել։ Երկրում ստեղծված քաոսի պատճառով վերջին օրերին տասնյակ հազարավոր մարդիկ փախել են իրենց տներից։ Իսկ ավելի վաղ հանցախմբերի կողմից բռնությունների աճի պատճառով արդեն տեղահանվել էր ավելի քան 300 000 մարդ։
Հանցախմբերի ղեկավար Չիմի Չերիզիերը հայտարարել է, որ կշարունակի վարչապետ Արիել Հենրիին պաշտոնանկ անելու ջանքերը՝ նախազգուշացնելով, որ եթե վարչապետը հրաժարական չտա, ապա տեղի կունենա «քաղաքացիական պատերազմ, որը կավարտվի ցեղասպանությամբ»։
Հայիթիի վարչապետ Արիել Հենրին այժմ, ըստ տարբեր տեղեկությունների, Պուերտո Ռիկոյում է, քանի որ Քենիայից վերադառնալիս նրա ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել երկրում։