ԵՄ-ն Հայաստանին անդամակցության հեռանկար չի՞ խոստանում․ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները ԵՄ-ի անդամակցության երաշխիք չեն ստանում

ՀՀ իշխանությունները, փորձելով փոխել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների բնույթը, շարունակում են արտաքին քաղաքական նոր հնարավորություններ և տարբերակներ փնտրել։

Չնայած Արևմուտքի հետ հարաբերություններում երկու կողմերի կողմից արձանագրվող նոր մակարդակին, ՀՀ իշխանությունները ԵՄ անդամակցության իրենց կուրսի մասին դեռ վստահ չեն խոսում և հստակ հեռանկարներ ու ծրագրեր չեն հայտնում։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրքական TRT-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։

«Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև Եվրամիությանն անդամակցության գաղափարը»,- հայտարարել է նա։

Կարդացեք նաև

Պատասխանելով Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ հարցին՝ Միրզոյանն ասել է. «Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և, ինչպես ասացի, մենք անցնում ենք գործընթացի միջով և կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել»։

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերությունների ներկայիս փուլի վերաբերյալ Միրզոյանն ասել է. «Մենք ունենք Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ փոխգործակցության նոր հնարավորություններ։ ԱՄՆ-ի հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ։ Նույնը կարող եմ ասել նաև Եվրոպական միության մասով. ԵՄ-ի հետ մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, բայցև նայում ենք այս համաձայնագրից անդին։ Քննարկում ենք վիզաների ազատականացման հարցը, մի քանի նոր մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել մեր հարաբերություններում»։

Տևական ժամանակ է՝ հակառուսական հայտարարություններին զուգահեռ՝ ՀՀ իշխանությունները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և այլք, հայտարարում են, որ ԵՄ-ի հետ պատրաստ են հարաբերությունների այն մակարդակին, որին ԵՄ-ն է պատրաստ։

Եվ ստացվում է, որ թեև ՀՀ իշխանությունները փաստացի Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային մակարդակը խզելու փորձեր են անում, տարածաշրջան են բերում ԵՄ դիտորդներին, այսինքն՝ ԵՄ-ին մտցնում են տարածաշրջանային անվտանգային բաղադրիչ, ԵՄ-ն ամեն դեպքում դեռ պատրաստ չէ Երևանի հետ քննարկել նման հեռանկար։

Իսկ ՀՀ իշխանություններն արտաքին նման քաղաքականությամբ, մեղմ ասած, կրկնակի վտանգի տակ են դնում ՀՀ անվտանգությունը՝ փոխելով ՀՀ անվտանգային ավանդական միջավայրը, որը թեև կայուն չի եղել երբեք, սակայն դրա փոփոխությունն էլ ավելի անկայուն հեռանկար է խոստանում աշխարհաքաղաքական ցնցումների ու Ադրբեջանի կողմից նոր պատերազմի պատրաստվելու նախապատրաստությունների պայմաններում։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ԵՄ-ն անդամակցության ինչ-որ անորոշ ճանապարհային քարտեզ, ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տեսականորեն կարող է տալ, սակայն հստակ անդամակցության հեռանկար՝ ոչ։

Ըստ նրա, դրա լավագույն ապացույցը վերջին տասնամյակների քաղաքական գործընթացներն են հետսովետական տարածքում, մասնավորապես՝ Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա։

«Այս երկրները վաղուց կարող էին լինել ԵՄ անդամ, սակայն անդամ չեն և երկար փուլերով են անցնում՝ բախվելով դժվար մարտահրավերների, գտնվելով ՌԴ ազդեցության ավանդական գոտում։ Բնականաբար, ԵՄ անդամակցությունն այս երկրների համար կլիներ անվտանգության հավելյալ «շերտ», սակայն ԵՄ-ն մտահոգվում է առաջին հերթին իր անվտանգության համար, և ԵՄ-ում այս հարցում կոնսենսուս չկա։ Առավել ևս չեմ կարծում, թե կոնսենսուս կլինի Երևանի հարցով, որը շարունակում է անդամակցել ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, ԱՊՀ-ին, թեև վերջին երկու կառույցներում պասիվ ներկայություն ունի։

Այնուամենայնիվ գործնականում այս կառույցների անդամ է, ինչը նույնիսկ Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի դեպքում այդպես չէ, սակայն միևնույն է՝ խնդիրը կա»,- ասաց Լուկիանովը։

Վերլուծաբանի խոսքով, այս երկրների օրինակով տեսել ենք, թե սա ինչ երկարատև և փուլային գործընթաց է եղել նույնիսկ մինչ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալը, ուստի, անկախ նույնիսկ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակից, եթե ՀՀ-ն եվրոպական կուրս է որդեգրում, երկար ճանապարհ ունի անցնելու՝ տարբեր փուլերով։

Ուստի, ըստ նրա, եթե ԵՄ-ում առկա լիներ այս հարցով կոնսենսուս, վստահություն, որ նման բան հնարավոր է գոնե հեռավոր ապագայում, դրա մասին արդեն կխոսվեր։ «Ավելին, կարծում եմ, որ նշածս երեք երկրների դեպքում մինչ Ուկրաինայի պատերազմի ավարտը որևէ փոփոխություն չի լինելու, թեև նրանք ստացել են անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ ԵՄ-ում ամեն դեպքում մտավախություններ կան։ Կարելի է տեսնել, թե ինչպես են եվրոպացի առաջնորդները զգուշանում խոսակցությունների արտահոսքերից կամ Մակրոնի հայտարարություններից։ Որքան էլ աշխարհում իրավիճակը լարված է աշխարհաքաղաքական առումով, Արևմուտքը փորձում է այն պահել վերահսկելիության շրջանակում»,- ասաց նա։

Նա հիշեցրեց, որ ՀՀ-ում քննարկվում էր նաև չեզոք երկրի կարգավիճակի հնարավորությունը։

«Կարծում եմ՝ նույն պատճառներից ելնելով՝ չեզոք երկրի հեռանկարի հարցն էր քննարկվում»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս