Ուղղակի խաբկանք է, վտանգավոր խաղ
Իշխանությունները հերթական անպատասխանատու ու վտանգավոր խաղն են սկսել, որը, անկասկած, անհետևանք չի մնա։ Արևմուտքի թելադրանքով՝ փորձում են փոխել տարածաշրջանում ուժերի դասավորությունը՝ վտանգելով նաև տասնամյակների ընթացքում ստեղծված տնտեսական կապերը երբեմնի ռազմավարական գործընկերոջ հետ։ Գնում են բացահայտ ու կտրուկ սրացումների, հաշվի չառնելով անգամ այն լրջագույն սպառնալիքները, որոնց կարող ենք բախվել այդ ճանապարհին։
Իմիտացիա են անում, թե իբր ոչ միայն սպառազինության ձեռքբերումը, այլև տնտեսությունն են արդեն դիվերսիֆիկացրել, վերացրել են կախվածությունը երբեմնի ռազմավարական գործընկերոջից։
ԱՔԽ քարտուղարը հայտարարում է, թե 2023թ. առաջին 9 ամսում Հայաստանի առաջատար ներդրողն այլևս ոչ թե Ռուսաստանն է, այլ Արաբական Միացյալ Էմիրությունները։ ԱՄԷ-ն Հայաստանում մոտ 250 մլն դոլար է ներդրել։ Երկրորդն էլ Ռուսաստանը չէ, Լյուքսեմբուրգն է։ Ռուսաստանը միայն երրորդ է, այն էլ՝ 50 մլն դոլարից քիչ ներդրումներով։ Եվ սրա պատճառը, ըստ ԱԽՔ քարտուղարի, այն է, որ Ռուսաստանն է որոշել ներդրումներ չանել Հայաստանում, կամ Հայաստանը բացվել է աշխարհին։
Սա ուղղակի խաբկանք է։ Խաբկանք է, եթե կարծում են, թե ԱՄԷ-ն կարող է փոխարինել Ռուսաստանին, նույնիսկ ներդրումների մասով։ Ներդրումներով ԱՄԷ-ն իսկապես անցած տարի առաջինն է եղել, բայց դա եղել է ընդամենը մեկ գործարք, այն էլ՝ ֆինանսական ոլորտում։ Տնտեսության որևէ այլ ոլորտում ԱՄԷ ներդրումները չնչին են, զրոյին մոտ։
Մինչև այժմ ԱՄԷ-ից Հայաստանի տնտեսության մեջ ընդամենը շուրջ 300-350 մլն դոլարի ներդրումներ են կատարվել։ Սա նույնիսկ դժվար է համեմատել ռուսական ներդրումների հետ, որոնք հասնում են 12-13 միլիարդի։
Փարատելու այն մտահոգությունները, թե քաղաքական վեկտորի փոփոխության պարագայում ինչպես են հաղթահարելու տնտեսության կախվածությունը Ռուսաստանից, վերջին շրջանում իշխանությունները փորձում են ցույց տալ, իբր Ռուսաստանին փոխարինելու է գալիս ԱՄԷ-ն։ Ասում են՝ ԱՄԷ-ն դարձել է Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերը։ Արտահանում-ներմուծումներն այդ երկրի հետ կտրուկ ավելացել են։ Բայց չեն ասում, որ դա էլ անուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ։ Այն, որ Ռուսաստանից տարբեր ապրանքներ և հատկապես թանկարժեք քարեր ու մետաղներ բերում-տանում են ԱՄԷ, դեռ չի նշանակում, որ տեղի է ունեցել տնտեսական կապերի, առավել ևս՝ տնտեսության ու շուկաների դիվերսիֆիկացում։
Եթե վաղը վերանան հայտնի գործոնները, որոնք նպաստել են Հայաստանի արտաքին առևտրի երևացող ու չերևացող շարժերի ակտիվացմանը, այս ամբողջը փլվելու է։ Փլվելու են նաև Հայաստանի տնտեսության աճերը։
Բայց խնդիրը նույնիսկ տնտեսական աճերի մեջ չէ։
Այն, ինչ վերջին շրջանում անում են իշխանությունները՝ սրելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, իրական հակազդեցության վերածվելու պարագայում, հաշված օրերի ընթացքում պարզապես կքանդի Հայաստանի տնտեսությունը։ Այդ դեպքում մեզ ոչ մի ԱՄԷ էլ չի փրկի։
Չի փրկի նույնիսկ իշխանությունների այդքան սիրած Արևմուտքը՝ իր բոլոր ռեսուրսներով։
Չնայած տեսնել ենք, թե մինչև հիմա ինչպես են աշխատել այդ ռեսուրսները։ Փափուկ բարձ են դրել իշխանությունների գլխի տակ, այնինչ՝ ամեն ինչ դատարկ ու ոչինչ չտվող հայտարարություններից այն կողմ չի անցնում։
Հայաստանի տնտեսության լծակներն ինչպես եղել, այնպես էլ շարունակում են մնալ Ռուսաստանի տակ։ Վերջին տարիներին տնտեսության ու տնտեսական աճի կախվածությունն ավելի է մեծացել։ Ոչ մի հիմք չկա այն հայտարարություններում, թե իբր արտաքին շուկաների դիվերսիֆիկացում ու տնտեսության կախվածության թուլացում է տեղի ունենում։ Դրանք դատարկ հայտարարություններ են, հիմքից զուրկ։
Ռուսաստանի անգամ այսքան խնդիրներ ունեցող տնտեսությունից Հայաստանի կախվածությունն այնքան մեծ է, որ ցանկացած փոքր հակազդեցություն կարող է խորը ցնցումներ առաջացնել։ Դա կարող է արտահայտվել տարբեր կերպ ու տարբեր ոլորտներում։ Ոլորտները շատ են՝ սկսած ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացումից, Ռուսաստանից հումքի ու էներգակիրների ներմուծումից, մինչև ռազմավարական որոշ ապրանքների մատակարարումներ։
Լարսում խնդիրների ստեղծման մասին դեռ չենք խոսում։ Նման իրավիճակների այս ընթացքում երբեմն-երբեմն բախվել ենք ու տեսել, թե ինչպիսի ցնցումների մեջ է հայտնվում տնտեսությունը։
Եթե իշխանությունները որոշել են կտրուկ շրջադարձեր կատարել, մտածե՞լ են, թե դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, թեկուզ միայն տնտեսական ոլորտում։ Թե՞ կարծում են, որ ռազմավարական գործընկերների փոփոխությունը միայն քաղաքական է, տնտեսությունը զերծ է մնալու դրա հետևանքներից։
Զարմանալի չէ, որ ռուսական կողմն արդեն խոսում է կոնկրետ գործողություններից։
«Այն հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթերից, ստիպում են մեզ մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերում»,- օրերս հայտարարեց ՌԴ արտգործնախարարը։
Ի՞նչ կոնկրետ գործողությունների մասի է խոսքը, առայժմ չի ասում։ Բայց ցանկացած պարագայում դրանք ցավոտ են լինելու՝ ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական առումով։
Մեր տնտեսությունը, եթե այսօր դեռ որոշ չափով կարողանում է ջրի երեսին մնալ, հիմքերը գալիս են Ռուսաստանից։ Միայն ներմուծվող էներգակիրների գների հնարավոր փոփոխությունները կարող են գլխիվայր շրջել տնտեսությունը։
Նույնիսկ ռուսական գազի անհամեմատ մատչելի գնի պայմաններում մեր տնտեսությունը մի կերպ է կարողանում դիմանալ արտաքին ու ներքին շուկաների մրցակցությանը։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է լինել, եթե վաղն այդ գինը կրկնապատկվի կամ եռապատկվի։ Թե՞ իշխանություններն արդեն հասցրել են այնքան սերտացնել հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որ կարծում են, ռուսական գազը այլևս կարող են փոխարինել ադրբեջանականով։
Հայաստանի տնտեսության ռիսկերը, որոնք կարող են առաջանալ իշխանությունների անպատասխանատու քայլերի հետևանքով, բազմազան են։ Եվ սա միայն գազին չի վերաբերում։ Վերաբերում է տնտեսության բազմաթիվ ճյուղերին, նաև էներգետիկ համակարգերին, այդ թվում՝ ատոմակայանին։
Այդ ամենը խիստ մտահոգիչ է։ Սրացումները, որոնք վերջին շրջանում բավական բացահայտ տեսնում ենք հայ-ռուսական հարաբերություններում, շատ մեծ ռիսկեր են պարունակում՝ ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ՝ զուտ տնտեսական առումով։ Հայաստանի տնտեսությունն այս պահին բացարձակ ռեսուրս չունի նման ցնցումներին դիմանալու համար։ Արևմուտքին դուր գալու ակնկալիքով՝ իշխանությունները հերթական արկածախնդրությանն են գնում։ Նույնիսկ մտածելն է վտանգավոր, թե դա ինչի կարող է հանգեցնել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ