
Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թույլ չեն տա ներկա գտնվել Պարալիմպիական խաղերի բացմանը

Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները չեն կարողանա Փարիզում մասնակցել 2024 թ. ամառային Պարալիմպիական խաղերի բացման և փակման արարողություններին:
Նշվում է, որ Միջազգային պարալիմպիական կոմիտեի կառավարող խորհրդի հրապարակած փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները խաղերին կմասնակցեն չեզոք կարգավիճակով և կնշվեն որպես NPA՝ չեզոք պարալիմպիական մարզիկ (Neutral Paralympic Athletes): Երկու երկրների պատվիրակությունները կկարողանան ներկա գտնվել բացման ու փակման արարողություններին միայն որպես հանդիսատես։
Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի մարզիկների նվաճած պարգևները չեն հաշվառվի մեդալների ընդհանուր հաշվում: Արգելվելու են երկու երկրների պետական խորհրդանշանները, իսկ մարզիկները հանդես կգան սպիտակ դրոշի ներքո՝ սև NPA տառերով։ Ոսկի նվաճելու դեպքում մրցանակաբաշխության ժամանակ կհնչի պարալիմպիական հիմնը։
Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հանրապետության մարզիկները զրկված են իրենց երկրների դրոշի ներքո բազմաթիվ միջազգային մրցումներին մասնակցելու հնարավորությունից՝ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների և Մինսկի՝ դրանց աջակցելու պատճառով։ Միջազգային օլիմպիական կոմիտեն, սակայն, թույլ է տվել չեզոք կարգավիճակով և միայն անհատական մրցումներում հանդես գալ այն մարզիկներին, որոնք հրապարակորեն չեն պաշտպանել այդ ռազմական գործողությունները։