Բաժիններ՝

Լեհ ֆերմերները զանգվածային բողոքի ցույցեր են կազմակերպել Վարշավայի կենտրոնում

Վարշավայում Լեհաստանի վարչապետի գրասենյակի շենքի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել բողոքի ելած ֆերմերների և ոստիկանների միջև: Այդ մասին հաղորդում է Polsat լրատվամիջոցը։

Շենքի մոտ հավաքվածները հրկիզել են անվադողեր և դագաղ, որն, ըստ Polsat-ի, խորհրդանշում էր գյուղատնտեսության թաղումը։ Այնուհետև ակցիայի մասնակիցներից մեկը փորձել է այն նետել ցանկապատի վրայով, որի հետևում կանգնած են եղել ոստիկանները: Սկսվել է ծեծկռտուք:

Բողոքի ակցիաները, որոնց, կազմակերպիչների հաշվարկներով, կարող են մասնակցել մինչև 150 հազար ֆերմերներ, տեղի են ունենում Վարշավայի կենտրոնում, մասնավորապես, վարչապետի գրասենյակի և Սեյմի շենքերի մոտ։

Մայրաքաղաք տանող մուտքերի մոտ հսկայական քանակությամբ գյուղտեխնիկա է կուտակվել, ինչի պատճառով էլ Վարշավայի արվարձաններում տրանսպորտի երթևեկությունը դժվարացել է։

Լեհաստանում և Եվրոպայի մյուս երկրներում գյուղմթերք արտադրողների բողոքներն անցկացվում են արդեն շաբաթներ շարունակ: Ակցիաների մասնակիցները պահանջում են կա՛մ բարեփոխումներ, կա՛մ հրաժարում «Կանաչ քաղաքականությունից» ու ԵՄ-ի գյուղատնտեսական քաղաքականությունից: ԵՄ-ի «Կանաչ քաղաքականությունը» նախատեսում է անդամ պետությունների կողմից կլիմայական չեզոքության հասնել մինչև 2050 թվականը, այդ թվում՝ «կայուն գյուղատնտեսության» մեթոդների ներդրման ճանապարհով, որոնք հաճախ անհամատեղելի են ստեղծված ինտենսիվ գյուղարտադրության հետ։

Լեհ ֆերմերները նաև բողոքում են Ուկրաինայից առանց մաքսատուրքի ներկրվող գյուղատնտեսական ապրանքների մատակարարման դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս