«Ժողովո՛ւրդ, ոտքի կանգնեք, թուրքը Ջերմուկն է ուզում, մեր ջուրն է ուզում». «Անահիտ» ջոկատի հրամանատար

Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է վանդալիզմի ենթարկել Արցախի պատմամշակութային հուշարձանները։ Օրերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում էին, թե Ադրբեջանն ինչպես է ծանր տեխնիկայով քանդում Արցախի ԱԺ շենքը։ Այս ամենից զատ, Ստեփանակերտում ոչնչացվում են տարբեր հուշարձաններ։ Մինչդեռ ՀՀ իշխանությունը շարունակում է հայտարարել՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելուն և պայմանագիր ստորագրելուն այլընտրանք չկա։ Ամեն առիթով ներկայացնում են «խաղաղության խաչմերուկ» կոչվածը, հայտարարելով՝ եթե Ադրբեջանը քաղաքական կամք դրսևորի, կարճ ժամանակահատվածում կստորագրվի խաղաղության պայմանագիրը։

Ստեղծված իրավիճակում ի՞նչ է պետք անել։

168.am-ի հետ զրույցում «Անահիտ» ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանն ասաց, որ իրավիճակից դուրս գալու համար ազգը պետք է ոտքի կանգնի։

«Ժողովո՛ւրդ, ոտքի կանգնեք, ինչպես այդ մարդուն բերեցիք գահի, այնպես ոտքի կանգնեք՝ չարիքը հեռացրեք այս երկրից։ Այդ մարդը սատանային է ծառայում՝ իր ամբողջ թիմով։ Ոտքի կանգնեք, ժողովուրդ, այդ դեպքում կունենանք Արցախ, Հայաստան, հետ կբերենք մեր հողերը։

Կարդացեք նաև

Ես իմ հույսը չեմ կտրել, որ Արցախը հետ ենք բերելու, գիտեմ, որ Ալիևն էլ, Էրդողանն էլ պատասխան են տալու։ Արցախն ամբողջությամբ արյան մեջ է, և դա իրենք չեն կարող վայելել, մեր հողերը միայն մենք ենք վայելելու, որովհետև դրանք հայկական հողեր են»,- նշեց Անահիտ Մարտիրոսյանը։

Ազատամարտիկը վստահ է՝ Աստված քնած չէ, պատժելու է, շատ գեշ է պատժելու բոլոր նրանց, ովքեր հայտարարում են, որ «Արցախն ադրբեջանական է»։

«Մեր ազգը թող շրջվի դեպի Աստված, դառնա մեկ բռունցք, ինչպես եղել է 90-ականներին։

Սա սատանայի ծրագիրն է առաջ տանում, ասում է՝ բաժանիր, որ տիրես»,- շեշտեց Ա. Մարտիրոսյանը։

Ազատամարտիկի խոսքով՝ վաղը եթե ժողովուրդը ոտքի կանգնի ու տեր դառնա Արցախին ու Հայաստանին, հող ազատագրողների առաջին շարքերում կլինեն ինքն ու իր ընկերները, թեև առողջական խնդիրներ ունի, բայց նախընտրում է մահը դիրքերում, քան մահը հիվանդանոցում։

«Ավելի լավ է, ես այս աշխարհից գնամ դիրքերում կանգնած, քան հիվանդանոցում պառկած։ Այո, ունեմ առողջական խնդիրներ, բայց դրանով հանդերձ՝ ես ավելին կարող եմ անել, քան մեր 18 տարեկան տղաները, նրանք պետք է կանգնած լինեն երկրորդ գծում, իսկ առաջին գծում պետք է կանգնած լինեն մեր նմանները։ 18 տարեկանն իրավունք չունի կանգնել առաջին գծում, առաջին գծում պիտի կանգնած լինի այն մարդը, որը պատերազմի հետ առնչվել է։

Թուրքը Ջերմուկն է ուզում, մեր ջուրն է ուզում, մի՞թե այս ամենն ազգը չի հասկանում, ինչո՞ւ ոտքի չի կանգնում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ըստ ազատամարտիկի, ոչ թե 100 հազար մարդ պետք է ոտքի կանգնի, այլ ամբողջ Հայաստանը։

«Սա այնքան հողեր է տվել, որ արդեն երկրորդ գիծ չունենք, ամբողջ Հայաստանը դարձրել է առաջին գիծ։ Պետք է համախմբվենք ու մեր հայրենիքից հեռացնենք այս չարիքը, ով կատարում է թուրքի պատվերները։

Մեզ այլևս մատաղ անելու երեխա չի մնացել, մենք պիտի խելք հավաքենք, դիվանագիտությունն առաջ տանենք, նորմալ մարդկանցով ու դաշնակիցներով շրջապատենք Հայաստանն ու առաջ գնանք։ Եթե այս կառավարությունը չի կարողանում կամ չի ուզում որևէ բան անել, թող ասի՝ մեզ մոտ չստացվեց, ժողովուրդ, ու հեռանա»,- եզրափակեց Անահիտ Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս