«Սա ազգակործան հերթական քայլն է, որը համընկնում է թուրք-ադրբեջանական շահերի հետ». Գագիկ Հարությունյան

Վերջին շրջանում իշխանությունը՝ ԱԺ նախագահը և իշխանական պատգամավորները, մշտապես խոսում են Հայաստանում  ռուս սահմանապահների գտնվելու աննպատակահարմարության մասին։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը  վերջերս ասել էր, որ Ներքին Հանդում Ադրբեջանի իրականացրած սադրանքի ժամանակ ռուս սահմանապահները խոչընդոտել են ԵՄ դիտորդների աշխատանքներին։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում չպետք է լինեն։ Իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հարցի առնչությամբ ասաց՝ իրենց անհանգստացնում է ռուս սահմանապահների ներկայությունն օդանավակայանում։

«Այո, այդ հարցը մեզ անհանգստացնում է, ինչպես մեր շատ հայրենակիցների։ Այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում։ Երբ քննարկումների արդյունքում լինեն որոշումներ, այդ որոշումների մասին ևս բոլորս կիմանանք»։

168.am հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը խոսելով ՀՀ-ից ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերման մասին, նկատեց՝ ինչպես իշխանությունների մյուս, այնպես էլ՝ սահմանապահներին հեռացնելու քայլը չի բխում ՀՀ շահերից, քանի որ, եթե նրանց հեռացնում են, ի վիճակի են, օրինակ, պահելու հայ-թուրքական սահմանը։

«Եթե այս հարցը դիտարկենք Հայաստանի անվտանգության տեսանկյունից, ապա դա այն աշխարհաքաղաքական մեծ նախագիծն էր, որն իրագործվում է Հայաստանում իր դավաճան ներկայիս ղեկավարների կողմից։ Ակնհայտորեն ՀՀ իշխանության նպատակն է Ռուսաստանին դուրս հանել այս տարածաշրջանից ու բերել Թուրքիային։ Հիմա ուկրաինական ֆրոնտում Ռուսաստանի գործերը հաջող են ընթանում, նրանք անհանգստացած են ու իրենց գործերն արագացնում են, որպեսզի կարողանան այստեղ երկրորդ ճակատ բացել։

Կարդացեք նաև

Իհարկե, հասկանալի է, որ այդ ամենը կատաստրոֆիկ իրավիճակ կստեղծի մեր սահմաններին, որովհետև ռուս սահմանապահներն են, որ պահում են Թուրքիայի հետ մեր սահմանը»,- պարզաբանեց Գագիկ Հարությունյանը։

Քաղաքագետի խոսքով՝ եթե ռուս սահմանապահներին դուրս բերեն և հայ-թուրքական սահմանը դառնա անվերահսկելի, ապա հաշված օրերի ընթացքում Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմը կվերածի «Արևմտյան Ադրբեջանի»։

«Եթե հայկական կողմը գիտակցեր, որ կկարողանա այդ սահմանը պահել, ապա երբեք ռուս սահմանապահները չէին հայտնվի այնտեղ։ Բայց գիտակցելով, որ ՀՀ անտանգության լրացուցիչ երաշխիք են, նրանց բերել  ու կանգնեցրել են սահմանին։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից այսօր մենք քանդում ենք մեր ինքությունը պաշտպանելու հնարավորությունը և այն հիմքերը, որոնց վրա կառուցված են հայ-ռուսական հարաբերությունները։ Սա ազգակործան հերթական քայլն է, որը համընկնում է թուրքական ու ադրբեջանական շահերի հետ»,- շեշտեց Գագիկ Հարությունյանը։

Դիտարկմանը՝ իշխանությունները մատնանշում են Արցախի հայաթափումը, ռուսական զորքի անգործությունը և Արցախում, և ՀՀ սահմանին, Գագիկ Հարությունյանը նկատեց՝ սահմանապահ զորքերը Հայաստանում չեն գտնվում իրավաբանական դաշտից դուրս, սրա համար տասնյակ պայմանագրեր կան։

«Եթե Հայաստանի ղեկավարը հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է, ռուս խաղաղապահն ի՞նչ կարող է անել, դրանով ՀՀ իշխանությունը զենք դրեց թշնամու ձեռքին՝ արագորեն գործի անցնելու համար։ Եթե ռուսական կողմը կարող էր ավելի կոշտ լինել, բայց մենք չգիտենք, թե կուլիսներում օրվա իշխանությունն ինչ էր պայմանավորվել Ադրբեջանի հետ։

Ակնհայտ է, որ այստեղ Թուրքիայի մատն ավելի խառն է, քան հայկական կողմինը։ Եթե մարդը հայ է, չի կարող իր սահմանը թողնել անպաշտպան։ Հետևաբար, որևէ քայլ անելուց առաջ պետք է երկար մտածել»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս