Ընդդիմադիր քաղաքական դաշտը որևէ մեկի սեփականությունը չէ, իսկ անհատների ֆետիշացումն օգնում է հենց Փաշինյանին․ Աբրահամ Գասպարյան

21-րդ դարում պատերազմները հիբրիդային են, և եթե նկատի առնենք պատերազմում ռազմական գործողությունների բաղադրիչը, դրան մենք սպասում ենք 1994 թվականի մայիսի 12-ից այս կողմ, և միշտ՝ ամեն օր։ Թե քաղաքական որ ուժն ինչո՞վ կզբաղվի, կհաշվարկի՞, կանխարգելիչ գործողությունների կդիմի՞, թե՞ իշխանափոխության հարց կփորձի լուծել, այդ ամենը երկրորդական է, ածանցյալ։ Նշյալ քաղաքական ուժերը կամ հենց իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ից ցայսօր, դիցուք, կիբեռանվտանգության ոլորտում, այդ պատերազմում, որը 21-րդ դարի երրորդ տասնամյակի ամենագլխավոր մարտահրավերն է, որևէ գործուն ջանք գործադրե՞լ են, թե՞ ոչ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։

«Բազմաթիվ հարցեր կան, օրինակ, տնտեսական կամ ռազմական անվտանգության ոլորտներում։ Սահմանների կահավորման, անվտանգության ապահովման առումով որևէ քայլ արվե՞լ է, թե՞ ոչ։ Եթե այս հարցերի պատասխանները մենք չունենք, ապա ակամա ստացվում է, որ քաղաքական դաշտի մնացած դերակատարների՝ կուսակցությունների ու դաշինքների պայքարի հանրային ընկալումը տեղավորվելու է բացառապես իշխանափոխության համատեքստում։ Պետք է ջանքեր գործադրել ռազմավարություն մշակելու, նպատակ սահմանելու, խնդիրներ ձևակերպելու, ճանապարհային հստակ քարտեզ տալու, տակտիկական, մարտավարական խնդիրներ լուծելու, պատասխանատվություն բաժանելու, դերեր բաշխելու, մոնիթորինգի հետևողականության հարցերում»,- ասաց հասարակական գործիչը։

«Եթե այս ամենը չես անում, բայց ասում ես՝ քանի որ գործող իշխանությունը չի անում այնպիսի քայլեր, որոնք բխում են մեր պետության շահերից, նշանակում է՝ դու տեղով տապալված ես։ Համաժողովրդական ալիքի ընդլայնման խոչընդոտները, հիմնականում գաղափարական մակարդակում, պետք է տեսնել հենց այս տեսահայեցակարգային ընկալմամբ։ Գործող դերակատարներն ընկնում են այն նույն թակարդը, որոգայթը, որը Նիկոլ Փաշինյան կոչեցյալ անձն է ստեղծել։ Ի՞նչ է անում Նիկոլը, երբ կա խնդիր, անվտանգության թեմա։ Մեր պետությունը կորցրել է ինքնիշխանությունը և կանգնած է անհետացման եզրին։ Բայց ինքը խոսույթը շատ սահուն տեղափոխում է այլ դաշտ և սկսում է վիրավորանքներ հասցեագրել։ Դա այն է, երբ Հայաստանի անվտանգության մասին խոսելու փոխարեն՝ մեկս մեկին ասենք՝ դու ստախոս ես։ Ասում են՝ Նիկոլը դավաճան է, սա էլ, թե՝ դավաճանը դուք եք, եթե դավաճան եմ, եկեք, հեռացրեք ինձ։ Հարցը մնում է, թակարդի ու խաբկանքի մեջ ենք ընկնում»,- նշեց Գասպարյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ ոմանց միջանձնային հարաբերությունները, չհիմնավորված հավակնությունները, պարծենկոտությունը հասցնում են այն վիճակին, որ մենք ոչ միայն խնդիրը չենք լուծում, այլև գաղափարն է ոտնահարվում և արժեզրկվում, մարդիկ սկսում են դրան չհավատալ․ «Պարզ մարդն ի՞նչ է ասում՝ ուզում եմ տեսնել լավ գաղափար, բայց նաև այն անձանց, որոնք իրականացնում են այդ գաղափարը, հավատավոր են, հետևողական, մինչև վերջ կգնան։ Եթե մեկը լավ գաղափար է ասում, բայց պահվածքով, վարքաբանությամբ, բարոյագիտությամբ ի վիճակի չէ վեր կանգնելու նեղանձնական խնդիրներից, ինչպե՞ս է պահելու այդ գաղափարը։ Ստացվում է դարձ ի շրջանս յուր, նույն սխալներն ենք գործում»:

«Խնդրի լուծում, իհարկե, կա։ Ո՞վ ասաց, որ ընդդիմադիր քաղաքական դաշտը որևէ մեկի սեփականությունն է։ Մենք դիրքավորվել ենք այնպես, որ եթե այս կամ այն անհատը չլինի, ուրեմն դաշտը կպառակտվի։ Սա ջուր է լցնում բացառապես գործող իշխանության ջրաղացին։ Փաշինյանն էլ շատ պարզ ասում է՝ եթե դուք եք ինձ հակադարձում պաշտոնական մակարդակով, ապա ես վերարտադրվելու եմ։ Իսկ ո՞վ ասաց, որ հայ ժողովուրդը և ՀՀ քաղաքացիները չունեն այլընտրանք։ Այս ի՞նչ անհատի ֆետիշացման դարաշրջան է, երբվանի՞ց։ Մարդիկ պիտի հասկանան, որ սերնդափոխություն պետք է կատարվի, և եթե ընդդիմությունը պիտի իշխանափոխություն իրականացնի, ապա առաջին հերթին իրենով օրինակ պիտի ծառայի»,- ամփոփեց Աբրահամ Գասպարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս