Ադրբեջանցի մարդասպանի համար ՌԴ-ից ստացած հարցմանը նույն օրը պատասխանել ենք. Վահե Ղազարյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ասաց, որ ադրբեջանցի մարդասպանի վերաբերյալ ՌԴ-ից հարցում ստացել են և նույն օրը պատասխանել են։ Այս պահին գործը Դատախազության տիրույթում է։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում փաստը, որ ՌԴ-ն երկու ժամվա ընթացքում ադրբեջանցի մարդասպանին ուղարկեց Բաքու, Վահե Ղազարյանը պատասխանեց.

«Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ մենք մեր գործառույթները լրիվ իրավաչափ իրականացրել ենք՝ հարցում արել են, հարցումին պատասխանել ենք»։

Հաջորդ հարցին՝ քաղաքական որոշո՞ւմ էր այդքան արագ նրան Բաքու ուղարկելը, ՆԳ նախարարը պատասխանեց՝ նման գնահատական չի կարող տալ։

Կարդացեք նաև

«Դա ընթացակարգ է, եթե հետախուզվողին բռնում են, հարցում են ուղարկում, թե իրականում տվյալ անձը մեր կողմից հետախուզվո՞ւմ է, թե՞ ոչ։ Միանշանակ հաստատել ենք, որ այդ անձը մեր կողմից հետախուզվում է, հարցումը նույն օրը ստացել ու նույն օրն անմիջապես պատասխանել ենք։ Մենք նմանատիպ հետախուզվողներ էլի ունենք, որ բռնել ու բաց են թողել, գիտեք դուք, դե, այդ հարցին արդեն ռուսական կողմը կարող է պատասխանել»,- շեշտեց Վահե Ղազարյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին և հարցին՝ նրան բռնելու վերաբերյալ հարցում ստացե՞լ են, ՆԳ նախարարը բացասական պատասխան տվեց, ընդգծելով՝ նրա հետ կապված հարցում չեն ստացել։

Թե նախկին քաղաքական գործիչներից ո՞ւմ հետ կապված հարցում ունեն, Վահե Ղազարյանը պատասխանեց, որ այս պահին չի հիշում։

Հիշեցնենք, փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ոստիկանությունը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիին, որի նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարված։ Զեյնալիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված սպանության մեղադրանքով։

Փետրվարի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ՌԴ իրավապահներն ազատ են արձակել Զեյնալիին, իսկ ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Քամիլ Զեյնալին վերադարձել է Բաքու՝ տարածելով համապատասխան լուսանկարներ և տեսանյութեր։

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Քամիլ Զեյնալին մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ընթացքում իրականացրել է պատերազմական հանցագործություններ, մասնավորապես՝ սպանել է խաղաղ բնակչի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս