Հարկերը վճարում եմ, որպես ժողովրդի կողմից սիրված երգչուհի՝ իմ տեղում եմ, պետական որևէ միջոցառման էլ չեմ երգում. Սոնա Շահգելդյան
Փետրվարի 23-ի Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է հարկվեն նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչները։
«Ո՞նց կարող է այդպես լինել, որ չվճարեն, չվճարելու դեպքում էլ՝ օրենքով սահմանված պատասխանատվության հասնեն։ Նույն օդանավակայանի ճանապարհն ասեմ, ասում են՝ դե, գնացել ենք, Լոս Անջելեսում համերգ ենք տվել, բա որտեղի՞ց եք մեկնել Լոս Անջելես, ի՞նչ ճանապարհով եք գնացել։ Դե ուրեմն Հայաստանում աշխատած, հարկ վճարածների հաշվին ստեղծված ճանապարհից մի օգտվեք, կողքի մերձդաշտյա ճանապարհով, հնձեք այդ եղեգները ու այդպես գնացեք-հասեք օդանավակայան։ Այս ի՞նչ վերաբերմունք է ընդհանրապես։
Սխալ է, ուրեմն՝ օդանավակայանից պետք է ասենք, որ այս ճանապարհները ձեզ համար չեն, գնացեք Երևան հասնելու ուրիշ ճանապարհ գտեք, Զանգուի ձորով, բնությունը, բնաշխարհը վայելելով՝ ոտ-ոտ եկեք-հասեք Երևան։ Իհարկե, գրոտեսկ եմ անում, բայց խորքի մեջ սա է բովանդակությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ լրատվամիջոցների հետ զրույցում ասել էին, որ օրինապահ քաղաքացիներ են՝ հարկերը մշտապես վճարում են։
168.am-ի հետ զրույցում Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան) ասաց, որ հարկերը պարտաճանաչ վճարում է։
«Ես լսել եմ իր հայտարարությունը «խոպանչիների» հետ կապված, բայց շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ կապված՝ չեմ լսել։ Ինչ վերաբերում է հարկերին, ապա հենց ամենասկզբից էլ ասել են, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է հարկվեն։ Միանշանակ կողմ եմ հարկ վճարելուն։ Բայց այլ հարց է, որ մենք գնում ենք որևէ երկիր, միջոցառման մասնակցում, հարկ ենք վճարում, վերադառնում ենք Հայաստան, ու կրկին ասում են՝ հարկ վճարե՛ք։ Տարբեր միջոցառումների կազմակերպիչները, այսինքն՝ հրավիրող կողմն արդեն որոշակի հարկեր մեր պայմանավորված հոնորարից վճարում է։ Այսինքն՝ չստացվի այնպես, որ և՛ այնտեղ եմ վճարելու հարկ, և՛ Հայաստանում»,- նշեց Մհեր Արմենիան։
Երգչուհի Սոնա Շահգելդյանը նույնպես ասաց, որ պարտաճանաչ հարկ վճարող է և այդ հայտարարությունը չի կարող իրեն վերաբերել։
«Հայաստանում գտնվելով ու օրենքը հարգելով՝ իմ հարկերը վճարում եմ, ուրիշների հետ ես կապ չունեմ։ Ինձ հետ կապված որևէ բան չի կարող լինել, որովհետև ինքս պարտաճանաչ հարկ վճարող եմ՝ իմ երգից ու երգարվեստից։ Որպես ժողովրդի կողմից սիրված երգչուհի՝ ես իմ տեղում եմ, պետական որևէ միջոցառման չեմ երգում, կառավարական համերգներին չեմ մասնակցում։ Իսկ եթե ունենում եմ համերգ, ապա օրենքով գնում ու հարկերը վճարում եմ»,- նշեց երգչուհին։
Հարցին՝ ինչո՞ւ կառավարական ու պետական համերգներին չի մասնակցում, Սոնա Շահգելդյանը պատասխանեց, որ հարկ չի համարում մասնակցել, թող ուրիշ երգիչ-երգչուհիներ մասնակցեն։
«Լավն ու վատը չեմ ասում, իմ տեսակետն եմ ասում։ Ես շատ դեպքերում բարեգործական հիմունքներով եմ երգում, մնացածի հետ գործ չունեմ։ Իմ ժողովուրդն ինձ սիրում է՝ որպես երգչուհի Սոնա Շահգելդյան, ես իմ հերոսների, զինվորների մայրերի կողքին եմ, սա ինձ համար ամենապատվաբեր բանն է»,- եզրափակեց Սոնա Շահգելդյանը։