Բանավոր պահանջ է ներկայացվում, որ ԵԱՏՄ-ից ՀՀ եկող բեռները պետք է մաքսազերծվեն. Աշոտ Շահսուվարյան
Պետական եկամուտների կոմիտեն պահանջում է մաքսազերծել ԵԱՏՄ-ից Հայաստան տեղափոխվող բեռները։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց իրավաբան Աշոտ Շահսուվարյանը։
Մեր զուցակիցը հայտնեց նաև, որ իրենց բանավոր տեղեկացրել են, որ փետրվարի 8-ից ՊԵԿ-ում շրջաբերական է շրջանառվում, ըստ որի, եթե մեքենայի կապարակնիքը կամ բեռնախցիկը վնասված է, և եթե ՊԵԿ-ի մոտ կասկածներ են առաջանում, որ այդ բեռները կարող են բեռնաթափված և նորից բեռնված լինել, ապա այդ ապրանքը դիտարկելու են՝ որպես երրորդ երկրի ապրանք, և պահանջելու են, որպեսզի այդ ապրանքը մաքսազերծվի։
«Ներկայումս կան մեքենաներ, որոնք մինչև հիմա պահվում էին մաքսային պահեստներում, իսկ հիմա՝ տնտեսվարողների պահեստներում։ Կան նաև բեռներ, որոնք գտնվում են այլ մաքսային պահեստներում՝ Բագրատաշենի մաքսային պահեստում։ Բեռները պահվում են այնտեղ, վարչարարություն է իրականացվում և բանավոր պահանջ է ներկայացվում, որ դրանք ենթակա են մաքսազերծման»,- շեշտեց Աշոտ Շահսուվարյանը։
Իրավաբանի գնահատմամբ՝ այս ամենն ապօրինի է, քանի որ ԵԱՏՄ անդամ պետությունների բեռները որևէ կերպ չեն կարող մաքսազերծվել այն նույն տրամաբանությամբ, ինչով չեն կարող մաքսազերծվել, օրինակ, Վանաձորից Երևան տեղափոխված բեռները, քանի որ ընդհանուր մաքսային գոտի է, մաքսային սահմաններ չկան։
«ՊԵԿ-ի կասկածները, ենթադրությունները և այլն, ավելի քան բավարար չեն դրանք դիտելու՝ որպես երրորդ երկրի ապրանք։ Առավելապես այդ մեքենաների կապարակնիքները վնասված չեն, ոչ էլ բեռնախցիկները, և սա հաստատված հանգամանք է։ Անգամ ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ այդ բեռները մաքսազերծել, դա տեխնիկապես հնարավոր չէ, քանի որ ծրագրային ապահովման ծրագրի մեջ դաշտն ընտրելու համար, թե տվյալ ապրանքը որ երկրից է ժամանել, հնարավոր չէ ընտրել Ռուսաստանի Դաշնությունը։ Ծրագրում այդ պետությունը չկա, քանի որ ԵԱՏՄ անդամ պետություն է։ Այդ դեպքում տնտեսվարողը ստիպված է ստել, ասել՝ դե լավ, գրեք, որ բերվել է, օրինակ, Զիմբաբվեից կամ Մոզամբիկից, կամ էլ Վրաստանից։ Այս դեպքում էլ տնտեսվարողի մոտ այլ խնդիր է առաջանալու, թե երրորդ երկրից բեռը ինչպես տեղավորեցիք այդ մեքենայի մեջ, եթե մեքենան կապարակնքվել է Ռուսաստանում և կնիքը բացվել է Հայաստանում, բա ճանապարհին այդ բեռն ինչպե՞ս մտավ այդ մեքենայի մեջ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա, ՊԵԿ-ը պետք է առաջնորդվի բացառապես օրենքով, և օրենսդրական նոր փոփոխություններ անելու լիազորություններ չունի, ունի պարտավորություններ՝ գործելու բացառապես օրենքի՝ միջպետական և ներպետական օրենսդրության սահմաններում։
«Համաձայն վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի, անձի հայտնած տեղեկությունները համարվում են հավաստի այնքան ժամանակ, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել։ Սա ասում եմ այն համատեքստում, որ ենթադրություններով առաջնորդվելու լիազորություններ ՊԵԿ-ը չունի։ Որքան էլ նա կարծի, որ դրանք երրորդ երկրի ապրանքներ են, դա դեռ պետք է հիմնավորվի ու փաստարկված լինի»,- նշեց իրավաբանը։
Աշոտ Շահսուվարյանը նաև տեղեկացրեց, որ բեռ կա, որն այսօր արդեն երրորդ անգամ է զննվել, ինչը ենթադրում է, որ պարկերը բացում են, թափում են, հաշվում են, ինչը նշանակում է, որ գործողությունների ընթացքում ապրանքը փչանում է։
«15 օրից ավելի բեռները պահվում են, ունեն սեզոնային բնույթ։ Այսինքն՝ 10 օր հետո այդ բեռներն այլևս վաճառքի ենթակա չեն լինելու։ Պատկերացրեք՝ ինչ վնասների մասին է խոսքը։
Եթե ՊԵԿ-ն ուզում է օրենքը փոխել, ուրեմն՝ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ պետք է չլինի, քանի որ այդ միության ողջ տրամաբանությունը միասնական մաքսային տարածք գաղափարն է։ Եթե լինում է մաքսային ընթացակարգ, մեկ մաքսային գոտու մասին խոսք լինել չի կարող»,- եզրափակեց Աշոտ Շահսուվարյանը։
168.am-ի հետ զրույցում ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանն ասաց՝ եթե տնտեսվարողներն ունեն բրոքեր, կարող են մոտենալ մաքսայինին, ներկայացնեն իրենց հիմնավորումները, տեղում այդ բոլոր հարցերը արագ կլուծեն։
«Պետք է դեպքը նշեն, բեռնափոխադրման համարները տան, եթե ընկերություն է, ընկերության տվյալները տան, փորձենք ճշտել, թե խնդիրը որն է»,- եզրափակեց Լուսինե Մկրտչյանը։