«Ավրորայի» 2024թ. հիմնական միջոցառումները տեղի կունենան Լոս Անջելեսում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հատուկ միջոցառումների շարք կանցկացնի 2024 թ. մայիսի 8-10-ը Լոս Անջելեսում: Միջոցառումները, այդ թվում՝ 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը, տեղի կունենան Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Միջոցառումները կանցկացվեն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնայի» համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանի եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, Վաչե եւ Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, ինչպես նաեւ «Էմմիի» անվանակարգում առաջադրված կինոպրոդյուսեր եւ ձեռներեց Էրիկ Էսրայիլյանի նախագահությամբ: Վերջինիս ջանքերի շնորհիվ 2017 թ. ստեղծվել է Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը:
«Մեզ համար պատիվ է միավորել ջանքերը «Խոստում» ինստիտուտի հետ, որպեսզի աջակցենք ականավոր մարդասերներին եւ մարդու իրավունքների պաշտպաններին, որոնք վտանգում են սեփական անձը՝ այլոց օգնելու համար»,- ասաց դոկտոր Նուբար Աֆեյանը: «Անցած ութ տարիների ընթացքում «Ավրորան» ստեղծել է համախոհների համաշխարհային ցանց, որոնք նվիրված են այս կարեւոր գործին, եւ մենք ուրախությամբ սպասում ենք նրանց Լոս Անջելեսի միջոցառումներին, ինչն ավելի կբարձրացնի համայնքային ակտիվիստների ձայնն ամենուրեք եւ աշխարհին ցույց կտա յուրաքանչյուր անհատի ուժը դրական փոփոխության հասնելու գործում»:
«2024 թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումները Լոս Անջելեսում հնարավորություն կտան հյուրերին եւ մասնակիցներին իրենց երախտագիտությունը հայտնելու նրանց, ովքեր, չխնայելով սեփական անձը, օգնում են կարիքի մեջ հայտնվածներին: Հուսով ենք, որ սա կոգեւորի մարդկանց այդ երախտագիտությունը վերածելու գործի՝ միանալով մեզ եւ մաս կազմելով այս համաշխարհային շարժմանը՝ ի նպաստ համընդհանուր բարօրության»,- նշեց միջոցառումների համանախագահ Էրիկ Էսրայիլյանը: «Լույս սփռելով մարդասիրության վրա, որը հաճախ դրսեւորվում է ամենադժվարին պահին՝ մեր նպատակն է ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում բարձրացնել իրազեկությունն այն սովորական մարդկանց մասին, որոնց արտասովոր քայլերի է մղում կարեկցանքի եւ արդարության զգացումը»:
2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ: Դափնեկիր կդառնա «Ավրորայի» հերոսներից մեկը. նրանց անունները հայտնի էին դարձել 2023 թ. սեպտեմբերին: Մրցանակը տրվում է դափնեկրին՝ հնարավորություն տալով նրան շարունակելու մարդասիրության շղթան եւ աջակցելու մարդասերներին եւ կազմակերպություններին, որոնք երկրորդ հնարավորություն են տալիս կարիքի մեջ գտնվող մարդկանց:
Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումն ու մյուս միջոցառումները կհամախմբեն ոլորտի առաջատար փորձագետներին՝ ծավալելու բովանդակային քննարկում տարբեր հարցերի շուրջ՝ գենդերային արդարության, կրթության, արհեստական բանականության, կլիմայի փոփոխության, համաշխարհային առողջապահական ճգնաժամի եւ այլն: