Ծանրորդ Վարազդատ Լալայանը Եվրոպայի չեմպիոն է, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը մոտեցավ ավարտին:
Մրցումային վերջին` 9-րդ օրը, պայքարի մեջ մտան գերծանր քաշային ծանրորդները:
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր Լաշա Տալախաձեն հրաժարվեց մրցումից:
Հայաստանի ընտրանու անդամ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 200, 205 կգ: Նա ոսկե մեդալ նվաճեց այս ձևում: Հրում վարժությունում նա բարձրացրեց 250 կգ և դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Երկամարտի 455 կգ Վարազդատ Լալայանը Եվրոպայի չեմպիոն է:
Նույն քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ` բարձրացնելով 190 կգ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 247 կգ` նվաճեց փոքր արծաթ: 437 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր:
Ծանր քաշային կարգի պարգևատրությանը մասնակցեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանը:
Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը: 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր: Երկրորդ տարին անընդմեջ ԵԱ-ի բրոնզե մեդալ է նվաճել նաև Հռիփսիմե Խուրշուդյանը: