
ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին. Հայաստանի բանկերի միության նախագահ

Հայաստանի բանկերն արդեն գրեթե ամբողջությամբ ավարտել են ֆինանսների նախարարության վերահսկողությամբ իրենց հաշվեկշռից արցախցիների վարկերի դուրսգրումը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
Հիմա արդեն ոչ թե բանկերը, այլ պետությունը (ֆինանսների նախարարությունը) պետք է որոշի, թե Արցախում վերցրած որ վարկերը կներվեն, և որ վարկառուներից են պահանջելու վճարել։
Բանկերը դուրս են գրել Արցախում տրամադրված բոլոր վարկերը՝ մոտ 315 մլրդ դրամ։ Դրանց 30%-ը բանկերն իրենց հաշվին են դուրս գրել, իսկ մնացած 70%-ը խոստացել է փոխհատուցել Ֆինանսների նախարարությանը՝ նրանց պետական պարտատոմսեր տրամադրելով շուկայական տոկոսադրույքով (մոտ 10%) և 10 տարի ժամկետով:
Ազատյանը նշել է, որ գործընթացի մեծ մասն ավարտվել է դեկտեմբերի վերջին, Ֆինանսների նախարարությունից պարտատոմսերը ստացել են անմիջապես կամ գրեթե անմիջապես։
Վարկերի մի փոքր մասը (մոտ 5%) բանկերը հետաձգել են մինչև փետրվար (առաձին դեպքերում՝ մինչև մարտ)։ Գործընթացը լիովին կավարտվի մինչև ապրիլ, երբ բանկերը սկսեն տարեկան հաշվետվություններ կազմել։
Նշենք, որ ֆինանսների նախարարությունը, ստանալով այս վարկային պորտֆելը, պետք է ստուգի այն, և եթե կասկածելի գործարքներ հայտնաբերի (օրինակ՝ խոշոր վարկեր առանց գրավի կամ շատ փոքր գրավով), ապա կարող է պահանջել, որ դրանք մարվեն։