«Հաղթանակը և Արցախը կորցրեցինք, երբ օտար վերնախավերի ազդեցությունները ու նրանց լրտեսական ցանցերի սարդոստայնները բաժան-բաժան արեցին մեր ինքնաբուխ օրակարգը». Զուրաբյան
Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «88-ի փետրվարին սկսած Շարժումը անպարտելի էր, որովհետեւ հայ ժողովուրդը ձեւավորեց իր իղձերի ու ձգտումների սեփական ու միասնական օրակարգը։ Օրակարգ, որն ամբողջովին մաքուր էր օտար ազդեցություններից, դրսից թելադրվող պրոպագանդիստական կլիշեներից եւ այլածին ծրագրերից։
Խորհրդային հին համակարգը վարկաբեկվել էր, իսկ այլ տերությունները դեռ չէին հասցրել օգտվել ստեղծված վակուումից եւ իրենց թեւքերը փռել ազատության համն առնող մեր ժողովրդի վրա։
Մեր Հաղթանակի գլխավոր գաղտնիքը դա էր. զուլալ էինք, վստահ ու անմեղ, այդ անմեղ վստահությամբ եւ մեր իրավացիության անսահման զգացումով էինք տապալում գիշատիչ եւ բանսարկու փորձառու տերությունների դավադրությունները եւ միջամտությունները։
Հաղթանակը եւ Արցախը կորցրեցինք, երբ աշխարհաքաղաքական օրակարգերը, գաղափարախոսական արշավները եւ օտար վերնախավերի ազդեցությունները ու նրանց լրտեսական ցանցերի սարդոստայնները աստիճանաբար բաժան-բաժան արեցին մեր ինքնաբուխ օրակարգը, եւ համարյա անտեսանելիորեն մեր հանրությունը մասնատվեց իրար ատող, նպատակն ու իմաստը կորցրած, գաղափարախոսական թե շահադիտական հիմքերով ձեւավորված օտարածին բանակներին հավաքագրված զանգվածների։
Նույն վիճակում է հայտնվել մեր պետական համակարգը, որը սեփական օրակարգը իրականացնողից վերածվել է բազմաթիվ օտար ուժերի՝ ձեռքից ձեռք անցնող խաղալիքի, եւ ուրացել հայ ժողովրդի շահերի սպասարկման իր միակ առաքելությունը։
Բայց 88-ի Խորհուրդը ողջ է, իսկ Հաղթանակի գաղտնիքը՝ նույնը։
Աստված մեզ ուժ տա նորից վերագտնել անկեղծ ու ինքնուրույն, մեր ժողովրդի հոգու խորքերից բխող իսկական պետականաստեղծ ավյունը եւ մի օր նորից արժանանալ 88֊ի հաղթական Շարժման ոգու փառքին»։