Մեր ժողովուրդը պիտի ընտրի՝ դառնալ ռետի՞ն, թե՞ գրիչ, ու գրել հայոց նոր պատմությունը. Հայկ Դերզյան
«Վերջին վեց տարիների ընթացքում մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես Հայաստանը փոխեց իր արտաքին քաղաքականությունը՝ բանակցող կողմից դառնալով բանակցման ենթակա երևույթ»,- ԱԳՆ շենքի մոտ ՀՀԿ երիտասարդական կառույցի ներկայացուցիչների այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ Խորհրդի անդամ Հայկ Դերզյանը։
Նա շեշտեց, որ հայությունը պետք է ընտրի՝ ցանկանում է լինել թուրքական ու ադրբեջանական ռետի՞ն՝ ջնջելով Հայոց ցեղասպանության, Արցախի և հայ ազգի հետ կապ ունեցող ամենակարևոր արժեքները՝ դառնալով թշնամու կամակատար, թե՞ վերցնել հայկական գրիչը և գրել հայոց պատմության նոր էջերը։
«Այս իշխանությունները վախենում են, դա փաստ է, վախենում են «Արցախ» բառից, անգամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հատվածն իրենց կայքից հեռացրել են։
2018 թվականից սկսած՝ իրենք որևէ կերպ չեն խոսել Հայոց ցեղասպանության մասին, իսկ իրենց մանկլավիկները տարբեր երկրներից խոսում են Հայոց ցեղասպանությունը մոռանալու և ինչ-որ էջ բացելու մասին։ Նրանց հայտարարությունը, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում, իրենից ենթադրում է հետևյալը՝ Հայաստանի գործող իշխանությունը ժողովրդի անունից ուզում է ասել, որ Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը և մյուսները՝ սկսած Արցախյան առաջին պատերազմից, օկուպանտ են, մենք այդպե՞ս ենք մտածում, իհարկե ոչ»,- նշեց Հայկ Դերձյանը։
Նշենք, որ այսօր ՀՀԿ երիտասարդական կառույցի ներկայացուցիչներն ԱԳՆ շենքի մոտ Արցախի դրոշներով ու ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի լուսանկարներով բողոքի ակցիա իրականացրեցին՝ հիշեցնելով, որ ԱԳՆ շենքում նստած պաշտոնյաները որևէ բան չեն անում, որպեսզի հայ գերիներին վերադարձնեն հայրենիք։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում