ԱԳՆ շենքում 2018 թվականից սկսած ընդմիջում է. Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ երիտասարդական կառույցի ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ։
Երիտասարդներն ԱԳՆ շենքի մոտ եկել էին Արցախի դրոշներով և ադրբեջանական բանտերում պահվող պատանդների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարներով։
Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ դիմելով ԱԳՆ շենքում նստած պաշտոնյաներին, ասաց, որ շենքում 2018 թվականից ի վեր ընդմիջում է։ Նրանք քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հայրենիք վերադարձնեն։ Նրանք ադրբեջանական բանտում են հայտնվել ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում։
«Ձեր վարած քաղաքականության արդյունքում է, որ այսօր Արցախը 3000 տարվա մեջ առաջին անգամ հայաթափվել է։ Դուք 2018 թվականից ի վեր ՀՀ քաղաքացու հաշվին զբաղվում եք վճարովի տուրիզմով։ Դուք այս շենքը սարքել եք տուրիստական գործակալություն, որի մասով ՀՀ քաղաքացու մոտ հարց է առաջանում, հարկերը, որոնք վճարում է, որպեսզի աշխատեք՝ աշխատում եք ի նպաստ Հայաստանի ու Արցախի՞, թե՞ ի նպաստ Ադրբեջանի և ադրբեջանցու»,- նշեց Հենրիխ Դանիելյանը։
Նա հիշեցրեց՝ իշխանությունների վարած զրոյական կետից բանակցությունների արդյունքում էր, որ Արցախը հայաթափվեց ու եղան հազարավոր զոհեր։
ՀՀԿ երիտասարդները ԱԳՆ շենքի մոտ թողեցին մանկական խաղալիքներ՝ հայտարարելով՝ քանի որ շենքի ներսում նստածները մատնված են անգործության, գոնե այդ խաղալիքներով կարող են խաղալ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում