
«Ամերիաբանկը» շարունակելու է կերտել իր հաջողության պատմությունը` մնալով առաջատար հայկական բանկ իր նույն բրենդով». BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի նախագահ

«Ամերիաբանկն» ու BOGG PLC միջազգային ֆինանսական խումբն ավարտել են բանակցությունները, ըստ որի՝ «Ամերիաբանկը» կարող է միանալ BOGG միջազգային խմբին։ Առջևում գործարքի հաստատումների փուլն է, իսկ մինչ այդ BOGG ֆինանսական խմբի խորհրդի նախագահ պարոն Մել Քարվլը բանակցությունների բարեհաջող ավարտի առթիվ այցելել է Հայաստան։
Այցի շրջանակում պարոն Քարվլը հարցազրույց է տվել, որի ժամանակ խոսել է Հայաստանի ներդրումային գրավչության մասին, մանրամասն ներկայացրել է BOGG ընկերությունը, խոսել հավանական գործարքի մանրամասների ու երկու կողմերի համար դրա կարևորության մասին։
Պարոն Քարվլն անդրադարձել է նաև գործարքի հաստատման պարագայում ստեղծվող հնարավորություններին՝ նշելով, որ բանկի հաճախորդների համար էլ ավելի մեծ ապահովության և կայունության գրավականներ կստեղծվեն, քանի որ «Ամերիան» ավելի մեծ բանկային խմբի մաս կկազմի և Խմբի միջոցով ուղիղ հասանելիություն կստանա կապիտալի համաշխարհային շուկաներին:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ «Ամերիաբանկը» շարունակելու է կերտել իր հաջողության պատմությունը` մնալով առաջատար հայկական բանկ իր նույն բրենդով․ «Բանկի ներկայիս ղեկավար թիմը նույնպես շարունակելու է կառավարել բանկը»: