Արցախի հանձնումից հետո Փաշինյանն այլևս լեգիտիմ ղեկավար չէ, հայրենասիրությունը նա համարեց կոմպլեքս. Սամվել Լուլուկյան
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնած հարցերի պատասխանը չի ստացել։ Իսկ նրա հարցերը վերաբերել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, թե արդյո՞ք 6 տարի ղեկավարելուց ու ձախողելուց հետո նա համարձակություն կունենա պատասխանատվություն վերցնել և հրաժարական տալ։ Նա նաև հարցրել էր՝ ինչո՞ւ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, երբ ազգը նրան նման մանդատ չէր տվել, ավելին՝ եթե ասեր, որ Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում, երբեք մարդիկ նրան չէին ընտրի։
Նրա հարցերին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է այն, ինչ տարբեր առիթներով հայտարարում է՝ «երկու անգամ հրաժարական է տվել, սակայն ժողովուրդը նրան ընտրել է»։ Արցախի հարցի վերաբերյալ էլ հիշեցրել է 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովը՝ ասելով, թե «այդ ժամանակ էլ հարցը լուծվել է հօգուտ Ադրբեջանի»։
168.am-ի հետ զրույցում Սամվել Լուլուկյանը մանրամասնեց՝ նախ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացել է ոչ թե՝ որպես Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ, այլ՝ որպես սփյուռքի ներկայացուցիչ, քանի որ հարցեր է ունեցել նրան։ Ավելին՝ Ն. Փաշինյանի հետ Գերմանիայի հայկական կարևորագույն կառույցներից որևէ մեկը հանդիպման չի գնացել, այդ թվում՝ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները։
«Իմ հարցերը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել եմ ժամանակագրությամբ՝ փաստերի հիման վրա, 6 տարվա ընթացքում իր ունեցած անհաջողություններն ու ձախողումները, դրանք փաստեր են։ Մեղմ եմ նշում՝ իր սխալ քաղաքականության արդյունքում մեր երկրին բերեց աղետներ, Արցախը կորսվեց, այսինքն՝ այս ամենը տեղի է ունեցել իր ու իր քաղաքականության պատճառով։
Իհարկե, ես սպասում էի, որ ինձ կպատասխանի, թե իրեն ժողովուրդն է ընտրել»,- նշեց Սամվել Լուլուկյանը։
Նրա խոսքով՝ եթե ՀՀ օրվա իշխանությունը խոսում է ժողովրդավարության մասին, ժողովրդավարության կանոնների համաձայն, եթե ժողովուրդն ընտրում է, սակայն իշխանությունը սխալ քաղաքականություն է տանում, ապա դրա արդյունքում պետք է հրաժարական տա։
«Այսինքն՝ եթե ժողովուրդը քեզ ընտրել է, չես կարող այնպիսի քաղաքականություն վարես, որ դա բերի աղետի, հետո էլ ասես՝ լավ, սխալվեցի, բայց ինձ ժողովուրդն է ընտրել։ Ժողովուրդը մանդատ չի տվել, որ ինչ ուզեն՝ անեն։
Արցախի հանձնումից հետո Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ղեկավար չէ այլևս։ Իրենք Հայաստանը հռչակել են «ժողովրդավարության բաստիոն», բայց ժողովրդավարություն հարգող երկրներում սխալ քաղաքականություն իրականացնող ղեկավարը հրաժարական է տալիս»,- շեշտեց Սամվել Լուլուկյանը։
Ըստ մեր զրուցակցի, երբ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», այդ ժամանակ Արցախը նրա համար հայրենի՞ք էր, թե՞ ոչ։
«Հիմա ի՞նչ, մենք պետք է համակերպվենք մեր հայենիքի կորստի հե՞տ, համակերպվենք, որ ինչ-որ գրիչ ենք կորցրել, հա՞։ Սա անընդունելի է ինձ համար, յուրաքանչյուր մարդու համար հայրենիքը կարևոր արժեք է։ Գուցե շատերի աչքից վրիպել է, բայց Նիկոլ Փաշինյանը հայրենասիրությունը կոմպլեքս համարեց, տեսեք, թե մենք որտեղ ենք հասել»,- հավելեց Սամվել Լուլուկյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած մյուս անձանց, ապա Սամվել Լուլուկյանն ասաց՝ 30 տարի Գերմանիայի հայ համայնքում է, սակայն Փաշինյանի հետ հանդիպման եկած մարդկանց մեծ մասին չի տեսել, և համայնքի հետ նրանցից շատերն առհասարակ կապ չունեն։
«Այնտեղ ուսանողներ, երիտասարդներ կային, մեկն Ուկրաինայից էր եկել, մեկն ուսանող էր։ Այնտեղ մարդիկ հիմնականում անձնական բովանդակությամբ հարց էին հնչեցնում, շատերին արդեն հետաքրքիր չէր հայրենիքը, Արցախի կորուստը, վիզաների հարց էին հնչեցնում և այլն»,- եզրափակեց Սամվել Լուլուկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում