Թշնամու կողմից սադրանքի դեպքում պատասխանելու ենք. պիտի պայքարենք՝ «լապատկով» լինի, թե քլունգով ու զենքով. Արգամ Հովսեփյան
Փետրվարի 13-ին Ադրբեջանը Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ դիմել էր հերթական սադրանքին՝ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր: Միջադեպից մեկ օր առաջ՝ փետրվարի 12-ին, Ադրբեջանը հայտարարել էր, որ իբր «հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։
Այս միջադեպից հետո ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ շեշտելով, որ տեղի կունենա քննություն և միջադեպի մեղավորները կպատժվեն։
Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ հորդորել է, որպեսզի հայ զինվորները չտրվեն սադրանքների, իսկ հրաման խախտողները կենթարկվեն պատասխանատվության։
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը խոսելով ադրբեջանական սադրանքներին չպատասխանելու՝ Նիկոլ Փաշինյանի հրամանի մասին, ասաց՝ տարակուսելի է՝ թշնամին կրակի հայ զինվորին, իսկ հայ զինվորը չպատասխանի՞։
«Ես՝ որպես հրամանատար, Աստված ոչ անի, եթե պատերազմ սկսվի, կրակոց լինի, ինքս հաստատ կրակելու եմ ու որևէ մեկին չեմ նայելու։ Իհարկե, ինքս պատասխանատվության ենթարկվելուց չեմ վախենում, ավելի շուտ ինքը կենթարկվի պատասխանատվության և այն մարդիկ, ովքեր թշնամու սադրանքի դեպքում չկրակելու հրաման կտան»,- նշեց Արգամ Հովսեփյանը։
Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Ադրբեջանը հայտարարում է, որ վերցնելու է Արցախը, Հայաստանի իշխանությունները որևէ պատասխան չէին տալիս, այսօր նույն վիճակը Հայաստանում է՝ աստիճանաբար Հայաստանն արժանանում է Արցախի ճակատագրին։
«Արցախի սցենարն է, չե՞ք տեսնում՝ ինչ են անում։ Բա որ Ալիևն այդքան հայտարարում է, թե «Սյունիքը մերն է, մեր Արևմտյան Ադրբեջանը», իզուր չի ասում, դա իրականություն դարձնելու համար գործողություններ է, չէ՞, անում։ Իսկ թե մեր հասարակությունն ինչ է անում դա թույլ չտալու համար՝ չեմ կարող ասել։
Իհարկե, հասարակությունը գիտակցում է, որ հերթը Հայաստանինն է, բայց չգիտի՝ ինչ անի։
Բայց ես սյունեցիների համար ասեմ, որ սյունեցին կռվող է, պայքարելու է, պիտի պայքարենք՝ «լապատկով» լինի, թե քլունգով ու զենքով։
Սա նշանակում է, որ եթե թշնամու կողմից լինի սադրանք, կրակոց, հարձակում, մենք նույն կերպ պատասխանելու ենք՝ չկրակելու հրամանի չենք ենթարկվելու։ Նիկոլն ասում էր՝ ես գերագույն գլխավոր հրամանատարն եմ, ոչ մեկը թող չկասկածի, բա ո՞ւր է, չենք տեսնում, միայն չկրակելու հրամա՞ն է տալիս»,- շեշտեց Արգամ Հովսեփյանը։
Նա նաև ընդգծեց, որ երբ փետրվարի 13-ին Ադրբեջանը Ներքին Հանդի հատվածում սադրանք է իրականացրել, Տեղ համայնքի հատվածում որևէ սադրանքի չի դիմել՝ հանգիստ է եղել։