Բաժիններ՝

Գալակտիկանե՞րն են շուտ ստեղծվել, թե՞ դրանց կենտրոնի սև խոռոչները. նոր բացահայտում

Գալակտիկաների և դրանց միջուկների սև խոռոչների էվոլյուցիան սերտորեն կապված են միմյանց հետ: Բայց ո՞րն է առաջինը ստեղծվել: Գիտնականները պնդում են, որ գտել են այդ հարցի պատասխանը և վերստեղծել վաղ տիեզերքի երկփուլ զարգացումը, ըստ armeniasputnik.am-ի՝ գրում է universemagazine-ը:

Վաղ տիեզերքի պատմություն

James Webb տիեզերական աստղադիտակի տվյալների նոր վերլուծությունը վկայում է, որ սև խոռոչները ոչ միայն գոյություն ունեին ամենասկզբում, այլև նոր լուսատուներ էին ծնում և արագացնում գալակտիկաների ձևավորումը:

Այս հայտնագործությունները փոխում են տեսությունները ՝ մարտահրավեր նետելով դասական հասկացողությանը, թե սև խոռոչներն առաջացել են առաջին աստղերի և գալակտիկաների հայտնվելուց հետո: Գիտնականները պնդում են, որ այդ օբյեկտները գոյություն են ունեցել արդեն տիեզերքի գոյության առաջին 50 մլն տարիների ընթացքում՝ բավականին կարճ ժամանակահատված է համեմատած դրանց ընդհանուր պատմության հետ, որը տևում է 13,8 մլրդ տարի:

Գերհզոր սև խոռոչները գոյություն ունեն գալակտիկաների կենտրոնում, ներառյալ Ծիր Կաթինը և վերջերս պարզվեց, որ դրանք առկա էին տիեզերքի վաղ շրջանում, փաստորեն, սերմեր էին վաղ գալակտիկաների համար: Դրանք աստղերի առաջացման հսկա ուժեղացուցիչներ էին։

Նախնական տիեզերքի հեռավոր գալակտիկաները, որոնք դիտվել են James Webb աստղադիտակի միջոցով, շատ ավելի պայծառ են թվում, քան գիտնականները ենթադրում էին, և հայտնաբերում են անսովոր մեծ թվով երիտասարդ աստղեր և գերհզոր սև խոռոչներ:

Առաջին գալակտիկաներն ու սև խոռոչները
Ենթադրվում է, որ սև խոռոչներն առաջացել են գերզանգվածային աստղերի փլուզումից հետո, մինչդեռ գալակտիկաները առաջացել են այն բանից հետո, երբ առաջին աստղերը լուսավորեցին մութ վաղ տիեզերքը: Բայց գիտնականների վերլուծությունը ցույց է տալիս, որ սև խոռոչներն ու գալակտիկաները գոյակցել և ազդել են միմյանց ճակատագրի վրա առաջին 100 միլիոն տարիների ընթացքում:

Սև խոռոչները տիեզերքի այն հատվածներն են, որտեղ ձգողականությունն այնքան ուժեղ է, որ ոչինչ չի կարող խուսափել դրանից, նույնիսկ լույսը: Այս ուժի շնորհիվ դրանք առաջացնում են հզոր մագնիսական դաշտեր, որոնք ստեղծում են ուժեղ փոթորիկներ՝ արտանետելով տուրբուլենտ պլազմա և ի վերջո հանդես են գալիս որպես մասնիկների ստեղծման հսկայական արագացուցիչներ: James Webb աստղադիտակի դետեկտորները հայտնաբերել են ավելի շատ նման սև խոռոչներ և պայծառ գալակտիկաներ, քան գիտնականները սպասում էին:

Ինչպե՞ս է արագացել աստղերի ձևավորումը առաջին գալակտիկաներում:

Ուսումնասիրության հեղինակ Ջոզեֆ Սիլկի թիմը ենթադրում է, որ տիեզերքի վաղ փուլն ունեցել է երկու փուլ: Առաջին փուլում սև խոռոչների արագընթաց արտահոսքերը արագացրել են աստղերի ձևավորումը, իսկ հետո` երկրորդ փուլում, արտահոսքերը դանդաղել են: Մեծ պայթյունից մի քանի հարյուր միլիոն տարի անց գազի ամպերը կոլապսիի են ենթարկվել գերհզոր սև խոռոչների մագնիսական փոթորիկների պատճառով, և նոր աստղերը ծնվել են այն արագությամբ, որը շատ ավելի բարձր էր, քան սովորական աստղային համակարգերում միլիարդավոր տարիներ անց նկատվածը:

Աստղագետները ասում են, որ աստղերի ձևավորումը դանդաղել է, քանի որ այդ հզոր արտահոսքերը տեղափոխվել են էներգիայի պահպանման վիճակի՝ նվազեցնելով գալակտիկաներում աստղերի ձևավորման համար մատչելի գազի քանակը:

Աստղաֆիզիկոսների թիմը հույս ունի, որ James Webb աստղադիտակի ապագա դիտարկումները, որոնք ավելի ճշգրիտ են հաշվարկում տիեզերքի վաղ շրջանի աստղերն ու գերհզոր սև խոռոչները, կօգնեն հաստատել իրենց հաշվարկները: Սիլկը վստահ է, որ այս դիտարկումները կօգնեն գիտնականներին ավելի շատ տեղեկություններ հավաքել տիեզերքի էվոլյուցիայի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս