Կարեն Անդրեասյան, ո՞ւմ եք կասկածում դատական կոռուպցիայի մասին իմանալ-չհայտնելու մեջ
Այն, որ իրավապահ համակարգն աշխատում է Փաշինյանին հաճոյանալու և գովասանք ստանալու համար, վկայում է կառավարության նիստում ինքնավար, անկախ մարմնի կարգավիճակ ունեցող գերատեսչությունների ղեկավարների պահվածքը, որոնք, իրար հերթ չտալով, նրան զեկուցում են, թե ինչո՞ւ քրեական գործերով դատավճիռներ չեն կայացվում՝ «մոռանալով», որ դատավճիռներ կայացնում են դատարանները` դատավարական օրենքներին համապատասխան, որոնք երբեմն կարող են չհամընկնել Նիկոլ Փաշինյանի ցանկություններին և նախընտրական խոստումներին, իսկ արված հարցադրումները կարող են դիտվել որպես ապօրինի միջամտություն արդարադատության իրականացմանը:
Զավեշտը նրանում է, որ կառավարության կազմում չընդգրկված և անհասկանալի կերպով կառավարության նիստին մասնակցողների առաջին շարքերում նստած «անկախ և ինքնավար» համարվող իրավապահներն առաջին հերթին ի դեմս գլխավոր դատախազի` անհեթեթ հիմնավորումներ էին ներկայացնում իշխող քաղաքական ուժի նախընտրական ծրագրի «չագուչի» հատվածի բեմադրության` այսինքն՝ երկրի թալանի համար հարուցված գործերով դատավճիռների տապալման համար: Պարզվեց, որ ընտրողները պահանջում են ոչ միայն քրեական գործերի հարուցում ու կալանքներ, այլ նաև դատավճիռներ:
Կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված ներկայացմանն իր մասնակցությունն ունեցավ նաև դատարանների անկախության երաշխավորի` Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պարզաբանումը, թե ինչ հնարավոր գործով կարող է ձգձգում եղած լինել (դեռ լավ է՝ մի քանի միլիոն չէր ծախսել դրա մասին կինո նկարելու համար,- Գ.Ս.): Եվ այս, առաջին հայացքից մանկամիտ արդարացման հեղինակն այն անձն է, ով հայտնի դարձավ Հայաստանի դատական համակարգի կոռումպացվածության վերաբերյալ մի զեկույցով, որով ըստ էության մեղադրում էր դատարաններին քաղաքական պատվերներ կատարելու և կոռուպցիայի մեջ` ի դեպ, առանց անուններ նշելու, ուղղակի դատական համակարգի այդ վիճակի համար մեղավոր էր համարում Վճռաբեկ դատարանի և պալատների նախագահներ Արման Մկրտումյանին, Երվանդ Խունդկարյանին և Դավիթ Ավետիսյանին:
Դատական համակարգի գաղտնի 80% վեթինգի հեքիաթի հեղինակի մասին խոսելիս մարդու մոտ անկախ իրենից հարց է առաջանում.
«Պարոն Անդրեասյան, իսկ դատարանների սակագներում փոփոխություններ կա՞ն, թե՞ ամեն ինչ առաջվա պես է, ուղղակի այլ փաթեթավորմամբ: 20 % կոռուպցիայի համար Վճռաբեկի նախագահին և պալատի նախագահներին ասելու բան չունե՞ք: Կամ ո՞ւմ եք կասկածում դատական կոռուպցիայի մանրամասների մասին իմանալ-չհայտնելու մեջ: Կարո՞ղ է այդ լռությունը կոռուպցիայի դրսևորում գնահատվել»:
Ի դեպ, արդարադատության նախարարության տարեկան հաշվետվությանը ծանոթանալուց հետո պարզ է դառնում, որ դատարանների և դատավորների աշխատանքների բարելավման աշխատանքները կատարվել են հենց նախարարության կողմից, իսկ հեքիաթասացը դրանք գրպանահատին վայել վարպետությամբ վերագրել է իրեն: Այլ թեմա է, իհարկել, դրանք ինչ չափորոշիչներով կարելի է անվանել բարելավում:
Իսկ Կարեն Անդրեասյանի անելիքը եղել է այն, որ նա ԲԴԽ-ի՝ սահմանադրական և օրենքով նախատեսված անելիքները թողած՝ զբաղված է եղել աշխատանքային բուռն գործունեության իմիտացիայով` չտարբերելով դատավորների անկախության երաշխավորի առաքելությունը գործադիր իշխանության գործառույթներից:
ԲԴԽ նախագահի պաշտոն զբաղեցնելու երազանքի իրականացումից հետո թիկնազոր ձեռք բերած անձը զբաղված է Նիկոլ Փաշինյանի համար նկարահանած 8 միլիոնանոց ֆիլմի և ֆեյսբուքյան իր էջով պարզունակ ու զվարճալի դիտարկումների համար աուդիտորիա ապահովելով` համապատասխան հանձնարարականներ իջեցնելով նաև դատավորներին և դատարանների աշխատակազմերին:
Աբսուրդն այնքան է խորացել, որ դատարանների աշխատակազմի աշխատակիցները տարածում են նախկին ՄԻՊ-ի կոչը՝ դատավորների կողմից իրավունքների խախտման դեպքում դիմել ԲԴԽ-ի նախագահ Կարեն Անդրեասյանին առընթեր արդարադատության նախարարին կամ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին: Դատարանների աշխատակազմի ղեկավարները հետևում են նաև իրենց ենթակայության ներքո գտնվող աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների միջոցով ԲԴԽ նախագահի ֆեյսբուքյան էջում վերջինիս մտքի թռիչքի այլ նմուշների մասսայականացմանը` լայքերի և կիսումների եղանակով:
Դատական համակարգի անկախության «երաշխավորը» հիմա էլ հրճվանքի մեջ է այն փաստից, որ ընդդիմադիրներին ու քաղբանտարկյալներին պաշտպանող փաստաբանները մի երկու դատ են շահել: Հետաքրքիրն այն է, որ այդ դատողություններն արել է առանց դատական դեպարտամենտի լրացուցիչ պարզաբանման: Երևի հասարակությանը չի հետաքրքրում, թե դատախազներն ինչ տեսակի անհեթեթություն են բերել դատարան, որ դատավորն էլ չի իմացել՝ ինչ անի:
Հանրայինի հեռուստաեթերից դատարանների անկախության երաշխավորն ուզում էր երդվել, որ իրեն չեն ճնշում, և զարմանում էր, թե ինչպես է հնարավոր, որ քրեական գործերով դատարաններից դժգոհ լինեն և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը: Եվ իրոք, ինչո՞ւ պետք է իշխանությունները ճնշեն իրենց քաղաքական թիմի անդամին, եթե վերջինս առիթ չի տվել դատավորներին այնքան անկախ լինելու, որ համարձակվեն իշխանությունների շահերի տիրույթում գտնվող որևէ անձին ի վնաս դատական ակտ կայացնել:
ԲԴԽ կոչված կառույցն իշխանությունների կողմից դատարանները հեղինակազրկելու դեմ պայքարելու փոխարեն՝ զբաղված է ակնհայտորեն իր պաշտոնի հետ կապ չունեցող գործունեությամբ՝ դրանով իսկ վարկաբեկելով զբաղեցրած պաշտոնը: Եթե իր հորինած հեքիաթներից ու միջավայրից դուրս գար, ապա դատական համակարգն անպատիժ հեղինակազրկողը պետք է գիտակցեր, որ իրեն պաշտոնի նշանակած իշխանությունը չէր դժգոհում, այլ պահանջում էր մեղադրական դատավճիռներ` ընդ որում, արագ, իսկ ինքն էլ իր դեպարտամենտի միջոցով արձագանքել էր այդ պահանջին՝ հայտարարելով, որ դատարանները, այսինքն՝ ինքը, մեղք չունի` մոռանալով որ դատարանների անկախության երաշխավորը ևս քրեական պատասխանատվության սպառնալիքի ուժով չի կարող միջամտել արդարադատության իրականացմանը, նաև այն արագացնելու կամ հապաղելու մասով: Ի դեպ, նման մեղադրանք է ներկայացվել ԲԴԽ նախկին նախագահին:
Իր նախորդի ճակատագրին արժանանալու իրական հեռանկար է բացվում նաև Կարեն Անդրեասյանի համար, որովհետև կամայական, առանց օրենքի վեթինգի իրականացումը ինքնիրավչության և պաշտոնեական դիրք չարաշահման հանցանշաններ ունի: Ի դեպ, վեթինգ ասվածի մասին ներկայիս գլխավոր դատախազը բավականին հետաքրքիր պարզաբանումներ է արել Ազգային ժողովում և հանրային հարթակներում` հիմնավորելով համապատասխան օրենքի ընդունման անհրաժեշտությունը:
Միգուցե ինքնապահպանման բնազդի արդյունքն է, որ պաշտոնի նշանակվելուց հետո նախկին ՄԻՊ-ը դատավորների հետ հանդիպումներում հայտարարում էր, որ ՄԻՊ աշխատած ժամանակահատվածում կոռուպցիայի մասին հայտարարությունները դատավորներին չեն վերաբերում, և օրենքի պահանջն անտեսելով՝ բացառեց դատավորների ընդունելությունը` ընտրելով հարցադրումները դատարանների նախագահների միջոցով անելը՝ հարվածի տակ դնելով դատարանների նախագահներին:
Նաև այս նպատակով էր ներքին կարգապահական կանոնների ընդունումը, որով բավականին լծակներ տրվեցին դատարանների նախագահներին դատավորների վրա ազդելու համար, իսկ դատավորների կարգապահությունը բարձրացնելու վերաբերյալ նպատակն ընդամենը միֆ էր, որովհետև դատավորի կողմից աշխատանքային կարգապահության խախտումը հանգեցնելու էր գործերի կուտակումների` դրանից բխող հետևանքներով:
Բումերանգի էֆեկտ է դրսևորվել ներկայիս ԲԴԽ նախագահ նախկին ՄԻՊ-ի մասով: Նախորդ իշխանությունների ժամանակ ամպագոռգոռ հայտարարություններ անելով դատական կոռուպցիայի մասին, եթերային դատողություններ անելով արդարության, ազնվության, բարեպաշտության մասին՝ նա ստիպված է նույն մեղադրանքները լսել 2018թ. հեղափոխությունից հետո գործող համակարգի, այդ թվում՝ նաև ԲԴԽ-ի մասին, որի ղեկավարն ինքն է:
Ընդ որում, բավականին հետաքրքիր գաղափարի մասին է խոսում Կարեն Անդրեասյանը. դատական համակարգն ավելի շատ վարկաբեկվում է անհիմն հայտարարությունների ու հոդվածների արդյունքում: Իրականում ամեն ինչ արդար և թափանցիկ է:
Հետաքրքիր է, արդյո՞ք նույն վիճակը չէր 2013թ.-ին, թե՞ պատվեր կար վարկաբեկելու որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց:
Այսքանով հանդերձ՝ պետք է նշել, որ երկրի կառավարման քրեադատավարական մոդելում առանցքային դեր ունի հեքիաթասացի անունը վաստակած անձնավորությունը:
Սակայն ցավալին այն է, որ մարդու իրավունքների ու ժողովրդավարության պաշտպանության եվրոպական ու ամերիկյան ինստիտուտներն իրենց հայտարարություններով իշխանություններին այլ ուղերձներ են տալիս՝ արժեզրկելով ու այլասերելով ժողովրդավարական արժեքները:
Չնայած, եթե տեսնենք ԲԴԽ-ի ձևավորման պատմությունը և ԲԴԽ անդամների ընտրությունների ժամանակ բեմադրված կատակերգությունները, ապա պարզ է դառնում, որ որևէ մեկից պահանջելու բան չունենք: Դեռ մի բան էլ ԲԴԽ այս կազմն էլ է մեզ շատ, որի լիարժեք լինելուն Ազգային ժողովում բազմիցս զրո ձայն ստացած Կարեն Թումանյանն էր պակասում:
Հ.Գ. 1 Ի դեպ, Կ.Ա-ն բավականին հաջողությամբ բուծում է բավականին լավ որակի լիցենզիոն «մացոներ»:
Հ.Գ.2 ԲԴԽ-ից Վճռաբեկ դատարան վայրէջք կատարած դատավորները չեն ցանկանում հրաժարվել ԲԴԽ անդամությունից` օգտվելով գործ չքննելու արտոնությունից (ԲԴԽ անդամությունից հայտնի պատճառներով հրաժարական է տվել միայն Դավիթ Խաչատուրյանը):
Հ.Գ.3 Դատավորների ընդհանուր ժողովում դատավորները դեմ էին արտահայտվում ԲԴԽ դատավոր անդամների կողմից անդամությունն անձնական շահերին ծառայեցնելը: Սակայն «լավագույն» ավանդույթները շարունակվում են:
Հ.Գ.4 ԲԴԽ-ի համալրումը խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքներով բարեհաջող շարունակվում է: Այնպես, որ առաջիկայում լավ բան սպասելու հույս չկա: