Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Լիխտենշտայնի իշխան Ալոիս ֆոն ունդ ցու Լիխտենշտայնի հետ
Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ:
Փաշինյանը «Ֆեյսբուք»-իր էջում տեսանյութ է հրապարակել:
«Այսօրվա առաջին հանդիպումը Լիխտենշտայնի իշխան Ալոիս ֆոն ունդ ցու Լիխտենշտայնի հետ էր»,-նշել է նա:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լիխտենշտայն հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են առևտրատնտեսական կապերի խորացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Լիխտենշտայնի իշխանը կարևորել է Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգը:
Փոխգործակցության զարգացման համատեքստում զրուցակիցները շեշտել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել հարավային Կովկասում ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայկական կողմի սկզբունքներն ու դիրքորոշումները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Մյունխեն է մեկնել փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով: