Իսրայելական ուժերը ներխուժել են Գազայի հարավում գտնվող ամենամեծ՝ «Նասեր» հիվանդանոց. ԻՊԲ
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ իր հատուկ ջոկատայինները մտել են Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում գտնվող պաշարված «Նասեր» հիվանդանոց: Հիվանդանոցում գործողություն սկսելու մասին ԻՊԲ-ն հայտնել է X սոցիալական հարթակում տարածված տեսանյութում։
Ըստ ԻՊԲ խոսնակի՝ երկրի զինված ուժերը «ճշգրիտ և սահմանափակ գործողություն» են անցկացնում հիվանդանոցում, որտեղ, ըստ իսրայելական կողմի, թաքնված են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները: Խոսնակը նաև նշում է, որ հիվանդանոցում կարող են լինել իսրայելցի պատանդների մարմիններ:
Այս հայտարարությունից մեկ օր առաջ ԻՊԲ-ն հազարավոր տեղահանված պաղեստինցիների հրահանգել էր լքել տարածքը:
Հիվանդանոցն ամենամեծն է Գազայի հատվածի հարավում։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու նպատակով ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, գերազանցել է 28 500-ը, 68 000-ից ավելիմարդ վիրավորվել է։