
Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները. ԱՄՆ Պետդեպ

Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով՝ Վաշինգտոնը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների միջև բախումների մասին հաղորդումով, որ հանգեցրել է զոհերի։
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները», – ասել է Միլլերն՝ ընդգծելով, որ կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է։
«Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ կերպով հասցեագրվի: Ինչպես շարունակաբար շեշտում է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին»,- եզրափակել է Միլլերը։
Երեկ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հաղորդել է 4 զոհի և մեկ վիրավորի մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։