«Եթե մեր երկրի ղեկավարը կոմպետենտ լիներ, կունենայինք Արցախ և անվտանգ Հայաստան». Վարդենիսի ավագանու անդամ

Նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Արցախն ամբողջովին Ադրբեջանի կողմից օկուպացվել էր, իսկ արցախահայերն այնտեղ սպանվում էին ու էթնիկ զտման ենթարկվում, «Միասնական Վարդենիս» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլորին երկուշաբթի օրվանից միանալ հայտարարված գործադուլին ու դասադուլին։

«Միասնական Վարդենիս» խմբակցության անդամ Դավիթ Շահնազարյանը խմբակցության հայտարարությունը ներկայացրել էր իր ուղերձում՝ նշելով, որ պետք է ոտքի կանգնել, քանի որ հայրենիք են կորցնում։

Այդ հայտարարությունից հետո Դավիթ Շահնազարյանը 168.am-ին ասել էր, որ այսօր Արցախն է, վաղը Սյունիքն ու Գեղարքունիքն են լինելու։

168.am այսօր Դավիթ Շահնազարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չշարունակեցին պայքարը, հատկապես, որ այսօր էլ, ինչպես ամբողջ Հայաստանը, այնպես էլ՝ Վարդենիսը, թշնամու թիրախում են։

Կարդացեք նաև

«Այդ հայտարարությունը կոչ էր՝ ուղղված բոլոր գիտակից մարդկանց, ամբողջ հայությանը, ովքեր հետևեցին իմ կոչին՝ հետևեցին, ովքեր չհետևեցին՝ բնականաբար, որևէ պարտադրանքի միջոց չունեմ»,- շեշտեց Դավիթ Շահնազարյանը։

Հարցին՝ իսկ այսօր լուրջ գործողությունների կարիք չկա՞, թե՞ արդեն Հայաստանին վտանգ չի սպառնում, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց՝ վտանգը, իհարկե, չի անցել, այն այսօր սպառնում է մեր երկրին։

«Այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։

Մեր երկրին սպառնացող վտանգներին համարժեք՝ մեր երկրի իշխանությունը քայլեր չի ձեռնարկում, եթե լիներ այդ քայլերը, ես այսօր ընդդիմադիր դաշտում չէի լինի։ Եթե այսօր ընդդիմադիր դաշտում եմ, ապա սա նշանակում է, որ անընդունելի եմ համարում իշխանության քաղաքականությունը։ Եթե մեր երկրի ղեկավարը կոմպետենտ լիներ, այսօր կունենայինք Արցախ, որից, ցավոք, զրկվել ենք, և անվտանգ Հայաստան, զրկվել ենք նաև ամբողջ պաշտպանական համակարգից»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նրա կարծիքով՝ այս պահին ՀՀ անվտանգության երաշխավորը գործող իշխանությունը չէ, և այս իշխանությունն ի զորու չէ այն ապահովելու։

«Մենք, արդեն մի քանի տարի է՝ ականատես ենք լինում, որ այս իշխանությունն ի զորու չէ լուծելու այն մարտահրավերները, որոնք ծառացած են մեր երկրի առաջ։ Բոլոր խնդիրների լուծումը միայն կոմպետենտ իշխանությունների ձևավորումն է, որն էլ համազգային համախմբման միջոցով կկարողանա այս ծանր ու դժվարին իրավիճակից դուրս բերել մեր հայրենիքը։ Ի վերջո, կարողանա նաև միջազգային հարթակներում Հայաստան անունը նորից դարձնել գործոն»,- շեշտեց ավագանու անդամը։

Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարություններին, թե «ստացել են ժողովրդի քվեն, հետևաբար` լեգետիմ են ու պետք է հրաժարական չներկայացնեն», Դավիթ Շահնազարյանը վստահեցրեց՝ ՀՀ ազգաբնակչության մեծ մասն այս իշխանություններին չի աջակցում, հետևաբար՝ այս թեզն այլևս չի աշխատում։

«Նախորդ ընտրություններին ազգգաբնակչության մեծամասնությունն այս իշխանությանը չէր աջակցում, ի վերջո, չմոռանանք, որ Երևանում նրանք չեն հաղթել»,- եզրափակեց Դավիթ Շահնազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս