Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը՝ ՈւՂԻՂ
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Դատական նիստին ներկա էին Արմեն Աշոտյանը, նրա փաստաբանական թիմը՝ Տիգրան Աթանեսյան, Ռուբեն Մելիքյան, Մարգար Սողոմոնյան կազմով, գործով անցնող ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Մարթա Սիմոնյանը, Արմեն Աշոտյանի ընտանիքի անդամները, դատախազներ Դոլինյանն ու Նշանյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ:
Նախորդ դատական նիստին, ի վերջո, դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց դադարեցնել Գալինա Հարությունյանի՝ որպես այս գործով տուժողի կարգավիճակը, ու նրան դուրս հրավիրեց դատական նիստերի դահլիճից: Բայց դատավոր Դոլմազյանը հանկարծ որոշեց, որ տուժող հիմա էլ ԵՊԲՀ-ի արհեստակցական կազմակերպությունն է, մի կառույց, որը վաղուց չկա: Պաշտպանական կողմը նշեց՝ սա նույնն է, ինչ փորձես մեռածին վերակենդանացնել:
Նախորդ նիստին Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև Դատական դեպարտամենտի կողմից իր վերաբերյալ դատավոր Դոլմազյանի կողմից կայացված որոշման մեկնաբանությանը:
«Դատական դեպարտամենտն ունի՞ իրավունք իմ վերաբերյալ կայացված Ձեր որոշումը մեկնաբանել, երբ դեռ այդ որոշումը մենք չէինք ստացել»,- դատավորին հարցրեց Արմեն Աշոտյանը: Վերջինս հարցին չպատասխանեց: Արմեն Աշոտյանը կրկին պնդեց՝ «Դո՞ւք եք որոշումը տվել Դատական դեպարտամենտին»: Դատավորը հորդորեց դիմել Դատական դեպարտամենտին:
Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, նշեց, որ իր պաշտպանյալն արդարադատության հույս չունի, 2 օր ժամանակ խնդրեց ասվածը գրավոր ներկայացնելու, այսինքն՝ դատավորին բացարկ հայտնելու համար:
Այսօրվ դատական նիստին կրկին չէր ներկայացել ԵՊԲՀ ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանը: Նիստին բացակայում էր նաև մեղադրյալներից մեկը: Դատական նիստը հետաձգվեց վերջինիս բացակայության հիմքով:
Մանրամասները՝ տեսանյութում: