Դատախազությունը ստացել է Ալեն Սիմոնյանի հարսի և ևս 2 հոգու երաշխավորության միջնորդությունը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դատախազություն են ներկայացրել անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդություն` խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գևորգյանի, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլյա Մկրյանի և «Սիներջիի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի համար։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից։

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ խմբակցությունը նշված անձանց համար երաշխավորություն ներկայացնելու որոշում է կայացրել։

«Դատախազությունը ստացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը»,– ասել են դատախազությունից։

Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ էր կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալել 7 անձանց, այդ թվում` Անի Գևորգյանին, Լիլյա Մկրյանին ու Աշոտ Հովհաննիսյանին, որոնք ավելի ուշ կալանավորվեցին։

Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։

Տեսանյութեր

Լրահոս