Մարդիկ նեղ են ապրում. ամեն ինչ թանկացնում են՝ մինչև ո՞ւր. հարցում

«Ավելի ճիշտ է՝ ժողովրդին լցնեն մի թոնիր, ասեն՝ խեղդվեցեք: Տված թոշակներն ի՞նչ է, որ ի՞նչ թանկացնեն»,- 168.am-ի հետ զրույցում քաղաքացիները հենց այսպես՝ բացասաբար են արձագանքում տրանսպորտի թանկացման մասին քաղաքապետարանի նախագծին:

Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտը թանկացնելու նախագիծ է ներկայացրել: Նախագիծը ներառված է փետրվարի 13-ին նախատեսված ավագանու նիստի օրակարգում. ընդունվելու դեպքում՝ սեպտեմբերի 1-ից քաղաքացիները կվճարեն 100 դրամից ավելի. ավելացումը կախված կլինի առաջարկվող փաթեթի ընտրությունից՝ մեկանգամյա՞, օրակա՞ն, ամսակա՞ն, թե՞ տարեկան:

Շրջանառվող նախագիծը մեծ աղմուկ է բարձրացրել. մարդիկ հիշում են, թե  նախկինում ընդդիմադիր այս իշխանության տարբեր ներկայացուցիչներ ինչ ջանասիրությամբ էին պայքարում 50 դրամ թանկացման դեմ: Քաղաքապետարանը սակագների բարձրացումը կապում է տրանսպորտային բարեփոխումների հետ:

Բոլոր քաղաքացիները, որոնց հետ այսօր զրուցել է 168.am-ը, դեմ էին թանկացմանը:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, թե քաղաքապետարանի նախկին բաժնի պետերից մեկը նշել է՝ Դուբայում, Մոսկվայում ու Թբիլիսիում մեկանգամյա ուղեվարձի գները շատ ավելի բարձր են, քան Հայաստանում՝ այդ կերպ փորձելով հիմնավորել թանկացումը, քաղաքացին արձագանքեց. «Մի հարց տվեք իրենց՝ Դուբայում, Թբիլիսիում, Մոսկվայում թոշակառուի թոշակն ինչքա՞ն է: Հայաստանում թոշակը կազմում է 38 հազար դրամ, ու եթե մարդն ամսական երթևեկում է 2 տրանսպորտով, ամսական 15.000 պետք է վճարի արդեն իսկ, ինչպե՞ս պետք է ապրի, ինչո՞վ:

Ամեն ինչը թանկացնում են. մինչև ո՞ւր»:

«Այսօրվա էս աղքատ վիճակում, թոշակի բարձրացում չի եղել, ո՞նց կարելի է»,- շեշտեց թոշակառու մի տիկին:

«Ժողովուրդը հազիվ է ապրում, մարդիկ նեղ են ապրում»՝ հավելեց մեր հայրենակիցներից մեկը, իսկ մեկ ուրիշն էլ նկատեց՝ «Քաղաքացին իր վերջին շնչում է»:

Մեր զրուցակիցներից շատերը հույս հայտնեցին, որ հանրությունը հստակ կարձագանքի ու ոտքի կկանգնի:

Իսկ մինչ այդ բաց է հարցը. արդյո՞ք առանց քաղաքացիների համաձայնության Տիգրան Ավինյանը կիրագործի իր պլանը, թե՞ հավատարիմ կմնա՝ «ասեք՝ կանենք»-ին, ու առանց ասելու՝ ոչինչ չի նախաձեռնի:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս