Փաշինյանի մնալու դեպքում Ալիևը հաջորդ ընտրությունը կանցկացնի Երևանում. Արմեն Մանվելյան

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին Ազգային ժողովի ամբիոնն օգտագործեց հերթական անգամ Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկող հայտարարություններ անելու և Ալիևի նման հայ հասարակությանը պատերազմով սպառնալու համար։

«Ի վերջո, ի՞նչ է նշանակում հղումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միավորման որոշման մասին, որը հռչակագրի մեջ հիշատակվում է եթե հենվում ենք դրա վրա՝ խաղաղությունը անհնար է»,- ասել է Փաշինյանը՝ վերահաստատելով Ալիևի խոսքերը՝ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության՝ չի կնքվի խաղաղության պայմանագիր։

168 TV-ի Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանը Փաշինյան-Ալիև տանդեմի նույնանման հայտարարություններն առաջարկեց դիտարկել մեկ միասնական օրակարգի՝ Հայաստանի պետականության վերացման համատեքստում։

«Ադրբեջանի նախագահը փետրվարի 7-ին տեղի ունեցած ընտրություններով ստացել է ընտրողների 92 տոկոս քվեն. այդ հարցում Ալիևն առաջին հերթին պարտական է Հայաստանում գործող քաղաքական ռեժիմին, որը պարտության և ստորացման տանելով Հայաստանը՝ Ալիևի համար ապահովել է հենց այդ տոկոսները։ Ակնհայտ է, որ Հայաստանի գործող քաղաքական ռեժիմն անում է ամեն բան, որ Ալիևի վարկանիշը սեփական ժողովրդի մոտ բարձրանա, իսկ Հայաստանի պարագայում  իշխանության ղեկին ունենք մարդկային տեսակ, որը չի ցանկանում պայքարել իր հայրենիքի համար, փոխարենը՝ պայքարում է իր պաշտոնի, աթոռի համար»,- ասաց Մանվելյանը՝ ընդգծելով՝ մարդկանց անընդհատ խաբելով և մանիպուլացնելով՝ Փաշինյանը նրանց տանում է մտավոր ստրկացման, երբ պատերազմի վախից մարդիկ մտածում են միայն սեփական ստամոքսի մասին, իսկ ռեժիմն այդ ընթացքում բավարարում է թշնամու պահանջները։

Կարդացեք նաև

 «Հայաստանը գնում է մի զիջումից՝ մյուս զիջման, պարտությունից՝ պարտություն։ Այս տեմպերով շարունակելու պարագայում Ալիևը հաջորդ ընտրությունը կանցկացնի Երևանում. դա չի բացառվում»,- ասաց Արմեն Մանվելյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի պաշտոնավարման տարիներն ապացուցում են՝ նա և Ալիևը խաղում են նույն դաշտում՝ պատերազմի սպառնալիքով կառավարելով հայ ժողովրդին։

«Փաշինյանին Բաքվում համարում են իրենց համար մեծ նվեր։ Նա խաղաղություն բերելու անվան տակ մարդկանց առաջնորդում է «լափի գաղափարով»։ Փաշինյանի համար կարևորը «լափի գաղափարն է», դրա համար է խոսում հարկ վճարող քաղաքացուց, այն քաղաքացուց, որի վճարած հարկից Փաշինյանն իր համար դիպուկահարներ է պահում, վճարում իրեն պահող ոստիկանությանը։ Իհա՛րկե, իր  համար հերոս է հարկ վճարողը, որի հարկով աշխատավարձ ստացած ոստիկանները ծեծում են այդ նույն հարկ վճարող, բայց ընդդիմադիր քաղաքացիներին։ Փաշինյանի առաջարկած մոդելի հիմքը մտավոր ստրկությունն է»,- ասաց Արմեն Մանվելյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ պետությունները կայանում են ոչ թե հարկ վճարող ունենալու, այլ մեծ երազանքների շուրջ։

«Անկախության հռչակագիրն այդ մեծ երազանքն է, և եթե այս իշխանությունը գնում է այն չեղարկելու ճանապարհով, նշանակում է, որ հայտարարում է՝ Հայաստանն օկուպացված տարածք է, ուստի Հայաստանի քաղաքացիները պետք է անեն հետևյալ եզրակացությունը՝ օկուպացված այս տարածքի իշխանությունն օկուպացիոն ռեժիմ է։ Փաշինյանի երազանքն Արևմտյան Ադրբեջանի կուսակալ դառնալն է, և ինքը գնում է այդ ճանապարհով»,- խոսքը եզրափակեց պատմական գիտությունների թեկնածուն։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս