Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող անձանց. Զառա Ամատունի
Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց 9 ամիս բլոկադայի մեջ պահվող Արցախի Հանրապետության և խաղաղ բնակչության դեմ, ցեղասպանության սպառնալիքի տակ բռնի տեղահանեց արցախահայությանը։
Խաղաղ բնակիչներին սպանելու վտանգի տակ, Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։
«Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։ Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ»,- հայտարարությունում նշել էր Դավիթ Բաբայանը։
Ադրբեջանն այնուհետև գերեվարել էր Արցախի նախկին երեք նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ԱԺ ներկայիս նախագահ Դավիթ Իշխանյանին և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։
Հայ գերիները սկզբում կալանավորվեցին 4 ամսով, այնուհետև, այս տարվա սկզբին նրանց կալանքը կրկին երկարաձգվեց։ Բոլորին առաջադրվել է մեղադրանք՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, մեղադրանքներն իրականության հետ որևէ աղերս չունեն։
168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ վերջին անգամ ե՞րբ են այցելել Բաքվում պահվող գերիներին։
«Հունվարի վերջին, փետրվարի սկզբին Կարմիր խաչի կողմից հերթական տեսակցությունն է եղել, և այն ընթացել է սովորական ձևաչափով»,- նշեց Զառա Ամատունին։