Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում Foley Hoag-ի հետ կնքված պայմանագրի գինը. Hetq.am

Միջնորդ դատարանի մշտական պալատը (PCA) հունվարի վերջին հայկական կողմին տեղեկացրել է, որ վարում է Միացյալ Նահանգներում գրանցված «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն (Amulsar Investor Ventures LLC, խմբ.) ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը։ Ըստ առկա տվյալների՝ արբիտրաժային այս գործը վերաբերում է Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին։ Բացի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից, Հայաստանի շահերի պաշտպանությանը ներգրավված է նաև Foley Hoag ընկերությունը։ Կառավարությունը, սակայն, գաղտնի է պահում ամերիկյան այս ընկերության հետ կնքված պայմանագրի գինը՝ նշելով, թե գործի գաղտնիության պատճառով չի կարող տրամադրել այն։

Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի և 1976 թվականին ընդունված ՅՈւՆՍԻՏՐԱԼ-ի (ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողով, խմբ.) արբիտրաժային կանոնադրության հիման վրա։

Արբիտրաժային այս գործը վերաբերում է Ամուլսարի հանքավայրի նախագծին։ Դեռ 2019 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը, որին այդ ժամանակ ամբողջությամբ պատկանում էր Ամուլսարի ոսկու արդյունահանման նախագիծը, ՀՀ իշխանություններին ծանուցել էր, որ Կանադայի ու Մեծ Բրիտանիայի հետ Հայաստանի ներդրումային պայմանագրերի հիման վրա միջազգային արբիտրաժում վեճ է սկսում։ Այդ հանգամանքը դեռ նույն տարվա հունվարին չէր բացառել ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը՝ հայտարարելով, որ «Ամուլսար տանող ճանապարհների ապօրինաբար փակ լինելու պատճառով, ընկերությունը դատարան կդիմի Կառավարությունից իրենց կրած կորուստների փոխհատուցում ստանալու համար»։ «Բոլոր օպցիաները բաց են։ Ամեն ինչ հնարավոր է»,- լրագրողներին հայտարարել էր նա։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսից Ամուլսար տանող ճանապարհը սկզբում փակել էին Վայոց ձորի մարզի բնակիչները, իսկ այնուհետ նրանց էին միացել նաև բնապահպանները, ովքեր պահանջում էին դադարեցնել Ամուլսարի շահագործմանն ուղղված ցանկացած գործողություն։

Սակայն 2019 թվականի օգոստոսին այս վեճը կարծես թե լուծվեց, քանի որ Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ հանքի շահագործումը չի վնասի շրջակա միջավայրին, իսկ վարչական դատարանը ոստիկանությանը պարտավորեցրեց վերացնել «Լիդիան Արմենիա»-ին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475 կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները:

Տեսանյութեր

Լրահոս