Ադրբեջանը հերթով ամեն ինչ ոչնչացնում է Արցախում. Հովիկ Ավանեսով

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ, այնուհետև ցեղասպանության ու էթնիկ զտման միջոցով տեղահանեց արցախահայերին, սկսեց ոչնչացնել հայկական հուշարձանները։

Ադրբեջանը խեղաթյուրելով պատմությունը, հայկական հուշարձանները ներկայացնում է աղվանական, անհետ ջնջելով դրանց վրա առկա հայկական արձանագրությունները։ Այս ամենի մեկնարկն Ալիևը տվեց Հադրութում, երբ բացահայտ հայտարարեց, որ՝ «պետք է ոչնչացվեն առկա բոլոր հայկական արձանագրությունները»։

Օրերս ադրբեջանցիները նաև վանդալիզմի են ենթարկել Արցախյան պատերազմի հերոս Աշոտ Ղուլյանի՝ Բեկորի հուշարձանը, որը գտնվում է Ստեփանակերտում։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովն ահազանգեց՝ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակույթն Արցախի Հանրապետությունում, Հայաստանը պետք է պետական մակարդակով այդ ամենը փորձի կանխել։

Կարդացեք նաև

«Վերջին շրջանում վանդալիզմի ամենավառ օրինակները Վանքասարի եկեղեցու խաչը հանելու դեպքն է։ Այդ եկեղեցի,ն ինչպես Արցախի բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ, ադրբեջանական պետական քարոզչամեքենան ներկայացնում է՝ որպես աղվանական։ Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ աղվանական ներկայացվող եկեղեցիներն ու պատմաճարտարապետական հուշարձաններն անմասն չեն մնում վանդալիզմից, նման փաստեր բազմիցս արձանագրել ենք։ Վերջերս նաև Հադրութի Սպիտակ խաչ եկեղեցում է տեղի ունեցել վանդալիզմ, դրա վերաբերյալ փաստերը ևս առկա են, նաև Ծիծեռնավանքի եզակի սրբի ավերումը։

Ստեփանակերտում գտնվող Բեկորի արձանը նույնպես վանդալիզմի է ենթարկվել, և այդ կադրերը պետական լրատվամիջոցներով հրապարակել է հենց ադրբեջանական կողմը։ Թշնամին ավերել է նաև Ստեփանակերտի Ադմիրալ Իսակով փողոցում տեղադրված Հայրենական պատերազմի հայազգի հերոս, ծովակալ Իսակովի կիսանդրին։ Ադրբեջանում լրատվադաշտը հսկվում է պետության կողմից, և նման լուսանկարները չէին կարող հրապարակվել առանց թույլտվության»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը բացահայտ հայտարարել է, որ 90-ականներից հետո ինչ կառուցվել է Արցախի Հանրապետությունում, քանդելու են, իսկ դրանից առաջ եղածները ներկայացնելու են՝ որպես աղվանական։

«Սա Ադրբեջանի պետական քաղաքականությունն է։ Վերջերս նաև ահազանգ հրապարակվեց Հաթերքի հուշահամալիրի հետ կապված, որը դարձյալ Արցախյան ազատամարտին է նվիրված, այսինքն՝ Ադրբեջանը հերթով ամեն ինչ ոչնչացնում է։ Նման վանդալիզմի մենք հանդիպում ենք ամենօրյա ռեժիմով, Արցախի պատմամշակութային ամբողջ ժառանգությունը վտանգված է»,- շեշտեց Հովիկ Ավանեսովը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ադրբեջանական այս վանդալիզմի վերաբերյալ եղել են տարբեր հայտարարություններ, այդ թվում՝ միջազգային որոշ կազմակերպությունների կողմից։

«Այդ հայտարարությունները միայն հայտարարություններ են, և դրանից զատ որևէ բան չի արվում, Ադրբեջանին ուղղված պատժամիջոցներ չեն լինում, այդ պատճառով էլ թշնամին իր վանդալիզմը շարունակում է։ Միակ կանխող միջոցն այն է, որ Ադրբեջանի դեմ կիրառեն պատժամիջոցներ, բազմաթիվ իրավական ակտեր ու բանաձևեր կան, որոնցում այդ ամենն ամրագրված է։ Սա ռասայական խտրականության տիրույթում կարող են դիտարկել, նաև պատերազմական հանցագործություն»,- եզրափակեց Հովիկ Ավանեսովը։

Տեսանյութեր

Լրահոս