Ուղեվարձի թանկացումը շատ ավելին է լինելու, քան ներկայացվում է. Վճարելու են ոչ միայն տրանսպորտից օգտվելու, այլև չօգտվելու համար

«Կարմիր գծերի» թանկացումը բարեհաջող ավարտելուց հետո, ինչպես և սպասվում էր, հիմա էլ անցել են քաղաքային տրանսպորտի ուղեվարձին։

Միասնական տոմսային համակարգ ներդնելու անվան տակ Երևանի քաղաքային իշխանությունը, իր քպ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, պատրաստվում է կտրուկ թանկացնել հասարական տրանսպորտի ուղեվարձը։ Ընդ որում՝ ինչպես բացահայտ, այնպես էլ՝ թաքնված ձևով։

Այն, ինչ ներկայացվում է թանկացումների տեսքով, այսբերգի միայն գագաթն է։ Իրական թանկացումը շատ ավելին է լինելու, քան կարելի է պատկերացնել։

Այնպիսի համակարգ են մտադիր ներդնել, որ մարդիկ պարտադրված կլինեն վճարել ոչ միայն տրանսպորտից օգտվելու, այլև չօգտվելու դեպքում։

Կարդացեք նաև

Արտաքինից մի գին են դրել, բայց ստիպում են շատ ավելի բարձր գին վճարել։

Դրանում դժվար չէ համոզվել այս օրինակով։

Մեկ օրվա էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն կատարելու հնարավորություն է տրվում։ Յուրաքանչյուր օգտագործման դեպքում գինը սահմանել են 110 դրամ։

Թվում է, թե մեծ բան չէ, ուղեվարձը թանկանում է ընդամենը 10 դրամով։

Բայց այդպես է միայն արտաքուստ։ Մեկօրյա տոմսի գինը, որն 8 անգամ տրանսպորտից օգտվելու հնարավորություն է տալիս, կազմելու է 880 դրամ։ Հիմա պատկերացրեք, որ մարդը այդ օրվա ընթացքում տրասնպորտից ընդամենը երկու անգամ է օգտվում՝ գնում է ու հետ վերադառնում։

Եվ դրա համար վճարում է 880 դրամ՝ մեկօրյա տոմս ձեռք բերելու համար։

Ստացվում է, որ նրա համար ուղեվարձը դառնում է ոչ 110 դրամ, ինչպես երևում է առաջին հայացքից, այլ 440 դրամ։

Իսկ եթե ընդամենը մեկ անգամ է օգտվում՝ ուղեվարձը դառնում է 880 դրամ։

Այլ տարբերակ պարզապես չեն թողել, ինչը դուրս է որևէ առողջ տրամաբանությունից։

Շատ ավելի արդար կլիներ, եթե ուղեվարձը միանգամից կրկնապատկեին ու դարձնեին 200 դրամ, քան այսպիսի աբսուրդ համակարգ ներդնեին։

Ինչո՞ւ պիտի մարդը վճարի մի բանի համար, որից չի օգտվում կամ չի օգտվելու։

Եվ սա միայն մեկօրյա տոմսերին չի վերաբերում։

Ասենք՝ աշխատող քաղաքացին 30 օրվա կամ մեկ ամսվա  համար Mifare ֆիզիկական քարտ տոմս է ձեռք բերում։ Ստանում է այդ ընթացքում 60 անգամ տրանսպորտից օգտվելու հնարավորություն և մեկ ուղևորության համար վճարում է 138,8 դրամ, ինչպես ներկայացված է հասարակական տրանսպորտը թանկացնելու վերաբերյալ Երևանի ավագանու ներկայացրած որոշման նախագծում։ Բայց եթե 30 օրում երթևեկում է ոչ թե 60, այլ, ենթադրենք՝ 40 անգամ՝ գնում է գործի, վերադառնում տուն, միևնույն է, էլի վճարելու է 60 անգամվա համար։

20 անգամ վճարում է՝ չօգտվելով տրանսպորտի որևէ ծառայությունից։

Ստացվում է, որ չօգտված ծառայության դիմաց իր գրպանից ամսական 2778 դրամ հենց այնպես տալիս է քաղաքապետարանին։ Եթե այդ գումարը տեղափոխենք ուղեվարձի վրա, ապա այն կդառնա ոչ թե 138,8, այլ 208 դրամից ավելի։ Գրեթե 70 դրամով ավելի շատ, քան ներկայացվում է ավագանու որոշման մեջ։

Որքան ավելի քիչ օգտվի տրանսպորտից, այնքան ավելի բարձր գին կվճարի։

Այդպես է, որովհետև սահմանափակել են տոմսից օգտվելու ժամանակը։

Հասցրեցիր 30 օրում 60 անգամ օգտվել, հասցրեցիր, չէ՝ չօգտված երթերի գումարը գնում-կորում է։

Նույնն է նաև մյուս բոլոր դեպքերում։

Այսպիսի խորամանկության է գնացել քաղաքապետարանը՝ մի կողմից՝ ավելի բարձր ուղեվարձ ցույց չտալու, մյուս կողմից՝ քաղաքացուն հնարավորինս շատ քամելու համար։

Իրականում առաջարկվող թանկացման ազդեցությունը շատ ավելի մեծ է լինելու, քան արտաքուստ ներկայացվում է։ Որոշ դեպքերում ուղեվարձն անգամներով թանկանալու է։ Մի տեղից մեկ այլ տեղ գնալու համար մարդիկ ստիպված են լինելու շատ ավելի բարձր գին վճարել, քան վճարում են այսօր։

Եվ ինչի՞ համար, որպեսզի Երևանի քպ-ական իշխանություններն իրենց լավ զգան՝ բարձր պարգևավճարներ ստանան, ճոխ ծախսեր անեն, ուզածի պես շռայլեն հարկատուների փողերը, ուռճացված ապարատ պահեն, թանկարժեք ծառայողական մեքենաներ գնեն, բարձր աշխատավարձեր վճարեն։

Երևանի քաղաքապետը կարող է իրեն թույլ տալ 7 խորհրդական, 4 օգնական, 2 գործավար պահել՝ հսկայական աշխատավարձերով։ Իր երդմնակալության արարողության կազմակերպման համար Տիգրան Ավինյանը քաղաքային բյուջեից 87 մլն դրամ ծախսեց։ Հարյուրավոր միլիոներ տվեցին ամանորյա տոնակատարությունների համար։ Երկու տարում քաղաքապետարանի պարգևատրումների ֆոնդը 2,8 անգամով ավելացրել են։ Այնինչ՝ կարող էին այդ ու բազմաթիվ այլ շռայությունների փոխարեն, գումարներն ուղղել քաղաքային տրանսպորտի սուբսիդավորմանը։

Ամբողջ աշխարհում հասարակական տրանսպորտը սուբսիդավորվում է պետության կողմից։ Դրա փոխարեն՝ Երևանի քպ-ական իշխանությունը պատրաստվում է կտրուկ թանկացնել ու բեռը դնել քաղաքացիների վրա։

Այդքան որ խոսում էին Երևանի տրանսպորտային խնդիրները լուծելու մասին, իբր նոր տրանսպորտային միջոցներ էին բերում, բերում էին այն հույսով, որ թանկացնելու են քաղաքային տրանսպորտը ու այդ գումարները հանելու են քաղաքացու գրպանից։ Քաղաքացու հաշվին՝ քաղաքային տրանսպորտի խնդիրներ էին լուծում ու ներկայացնում էին, թե մեծ լավություն են արել երևանցու համար։

Վարկեր են վերցրել, տրանսպորտային միջոցներ են բերել, երբեմն՝ թանկ գներով, հիմա եկել է պարտքերը վճարելու պահը, վճարողն էլ լինելու է քաղաքացին։ Այն քաղաքացին, ում եկամուտները գրեթե չեն ավելանում, իսկ ծախսերը մի գլուխ շատացնում են։ Մի կողմից՝ կառավարությունն է հարկերն ու տուրքերը բարձրացնում, մյուս կողմից՝ քաղաքային իշխանություններն են նորանոր ֆինանսական բեռ ավելացնում։ Եկած-չեկած՝ թանկացնում են։ Այն էլ՝ միայն անգամներով, 10, 20, 50 տոկոսով այլևս չեն բավարարվում։

«Կարմիր գծերի» կտրուկ թանկացումը բարեհաջող ավարտելուց հետո, հիմա էլ անցել են հասարակական տրանսպորտի ուղեվարձին։ Ուզում են մինչև վերջ քամել ժողովրդին։ Պատրաստ են վերջին շապիկն էլ հանել տալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս