
Բայդենը ելույթի ժամանակ ասել է, թե վերջերս հանդիպել է 1996 թվականին մահացած Ֆրանսուա Միտերանի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը Լաս Վեգասում հավաքված իր կողմնակիցներին ասել է, որ վերջերս հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի հետ, ով ողջ չէ արդեն 30 տարի, հայտնում է Fox News-ը։
Բայդենը նախազգուշացրել է իր քաղաքական հակառակորդ Դոնալդ Թրամփի հնարավոր ընտրվելու վտանգների մասին՝ փորձելով երեքշաբթի օրը Նևադայում կայանալիք դեմոկրատների նախնական ընտրություններից առաջ պահպանել ոգևորությունն իր ընտրողների շրջանում։
Բայդենը հիշել է նախագահության ընթացքում բազմիցս պատմած մի պատմություն. խոսքը նախագահ ընտրվելուց ամիսներ անց Անգլիայում Մեծ յոթնյակի հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման մասին է:
«Ես նստեցի և ասացի. «Ամերիկան վերադարձավ», – հիշում է Բայդենը: «Իսկ Միտերանը Գերմանիայից, նկատի ունեմ Ֆրանսիայից, նայեց ինձ և ասաց…»։
Թվում էր, թե Բայդենը տատանվում էր նախքան մտքերը հավաքելը և նախադասությունն ավարտելը. «Եվ երկա՞ր ժամանակով եք վերադարձել»:
Ֆրանսուա Միտերանը Ֆրանսիայի նախագահն է եղել 1981-1995 թվականներին։ Նա մահացել է 1996 թվականին: