Շրի Լանկայում թմրանյութերի դեմ պայքարի 50 օրվա ընթացքում ձերբակալվել է 56 000 մարդ
Շրի Լանկայում թմրանյութերի տարածման դեմ պայքարի «Յուկտիա» հատուկ գործողության անցկացման 50 օրվա ընթացքում ավելի քան 56 000 կասկածյալ է ձերբակալվել։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է երկրի Հանրային անվտանգության նախարարությունը։
«Այս թվից 49 558 կասկածյալ ձերբակալվել է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների պատճառով, իսկ 6983 մարդ ձերբակալվել է այլ հանցավոր գործունեության համար», – հայտնել է գերատեսչությունը
Ավելի քան 1800 կասկածյալ քննության տակ է կալանավորման որոշումների հիման վրա: Ավելի քան 1900 թմրամոլ ուղարկվել է վերականգնման: Հատուկ գործողության ընթացքում առգրավված թմրանյութերի շուկայական արժեքը գնահատվում է 7,7 մլն Շրի Լանկայի ռուփի (շուրջ 25 000 ԱՄՆ դոլար)։
«Յուկտիա» գործողությունը, որը սինհալերենից թարգմանաբար նշանակում է «արդարություն», Շրի Լանկայում անցկացվում է անցած տարվա դեկտեմբերի 17-ից՝ զինծառայողների ներգրավմամբ։ Հունվարի 23-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Շրի Լանկայի իշխանություններին կոչ է արել դադարեցնել գործողությունը, քանի որ փորձագետներն իրավապահ մարմինների գործողություններում տեսել են կամայական ձերբակալությունների, բռնության և մարդու իրավունքները չպահպանելու տարրեր:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ձերբակալություններն իրականացվել են առանց հրամանի և ձերբակալվածների մեղքի ապացույցների. նրանց մեծ մասը եղել են բնակչության ամենաաղքատ խավի ներկայացուցիչներ, իսկ ձերբակալությունների ժամանակ նրանք ենթարկվել են մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։ Ըստ ՄԱԿ-ի՝ ձերբակալվածները կալանքի տակ են գտնվում առանց գրավով ազատ արձակման իրավունքի, և նրանց նկատմամբ չի կիրառվում պատշաճ դատական ընթացակարգ։