Կտեսնի՞ արդյոք Անահիտին նրա վերադարձի համար պայքարած Արմեն Աշոտյանը. Արմեն Դուլյան. armeniasputnik.am
armeniasputnik.am-ի վերլուծաբան Արմեն Դուլյանը իր հրապարակման մեջ գրում է.
«Օրերս հայտարարվեց՝ Բրիտանական թանգարանը այս տարվա սեպտեմբերին կկազմակերպի մասունքի ժամանակավոր ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում։
«Անահի′տ, արի′ տուն»՝ այս կարգախոսով ավելի քան տասը տարի առաջ Հայաստանում ծայր առավ երիտասարդական շարժումը, որի մասնակիցները համոզված էին, որ հին հայկական դիցարանի պտղաբերության և մայրության աստվածուհի Անահիտի բրոնզաձույլ արձանի գլուխը պետք է Բրիտանական թանգարանից բերվի Երևան և տեղ գտնի Հայաստանի պատմութան թանգարանում։ Նախաձեռնության հեղինակներից մեկը կրթության և գիտության այն ժամանակվա նախարար Արմեն Աշոտյանն էր։
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև կազմակերպված հավաքներից մեկում նախարարն ասաց. «Ակնհայտ է, որ այս գործընթացը հեշտ չի լինելու։ Նախադեպեր կան աշխարհում, բայց դա արագ չի եղել։ Դա գործընթաց է, որը կարող է պսակվել հաջողությամբ, եթե մենք լինենք հետևողական»։
Իսկապես, հույները նույն Բրիտանական թանգարանից տասնամյակներ շարունակ պահանջում են վերադարձնել Պարթենոնի մարմարե արձանախումբը, բայց՝ ապարդյուն։ Ինչպե′ս են, այսպես կոչված՝ «Էլգինի մարմարները» հայտնվել Անգլիայում։
Համբուրգի համալսարանում դասավանդող պատմաբան Յուրբեն Ցիմերերը մի անգամ շատ անկեղծ ասել է.
«Հանրահայտ է, որ Բրիտանական թանգարանն այն վայրն է, որտեղ ամենից շատ գողացված արժեքներ են ցուցադրվում»։ Շատերն, իհարկե, այս գնահատականը չափազանցություն են համարում, բայց առնվազն հունական մարմարե արձանախմբի հարցում, իրոք, կասկածներ կան։
Բրիտանացիները պնդում են՝ դեսպան լորդ Էլգինը ժամանակին օրինական թույլտվություն է ստացել Օսմանյան կայսրության իշխանություններից։ Ընդդիմախոսները հակադարձում են՝ բոլորովին զարմանալի չէ, որ օսմանները բրիտանացիներին հեշտությամբ թույլ են տվել Աթենքից տանել այն արժեքները, որոնք թուրքերի հետ բացարձակապես որևէ կապ չունեն, բայց արդյոք օրինական կարելի՞ է համարել, երբ մի պետություն տնօրինում է մի այլ ազգի մշակույթի նմուշները միայն այն պատճառով, որ օկուպացրել է այն տարածքը, որտեղ հազարամյակներով ապրել է այդ ժողովուրդը։ Էլ չեմ ասում այն մասին, որ բազմաթիվ հետազոտողներ համոզված են՝ բրիտանացի դեսպանը հունական արձանախմբին տիրացել է թուրքերին տված պատկառելի կաշառքի շնորհիվ։
Անահիտ դիցուհու արձանի գլխի հայտնաբերումը նույնպես Թուրքիայի հետ է կապված։ 1870-ական թվականներին պատմական Փոքր Հայքի տարածքում՝ Գայլ գետի մոտակայքում գտնվող Սատաղ բնակավայրում, թուրք գյուղացին իր հողամասը մշակելիս գտնում է այդ մասունքը, որն այնուհետև ձեռք է բերում Անգլիայի կառավարությունը և փոխանցում Բրիտանական թանգարանին։ Միացյալ Նահանգներում լույս տեսնող «Արմենիան ուիքլի» պարբերականը փաստում է, որ օտարերկրացի այցելուների գերակշիռ մասի համար դա ընդամենը հազարավոր ցուցանմուշներից մեկն է, այնինչ, հայերի համար Անահիտի այս պատկերը ազգի և նրա դարավոր ավանդույթների խորհրդանիշն է։ Հարցումներից մեկի արդյունքներով պարզվել է, որ հայաստանցիները Անահիտի պատկերն ավելի լավ են ճանաչում, քան պետական զինանշանը։ Ավելին, շատերն անկեղծորեն համոզված են, որ աստվածուհու արձանի գլուխը հիմա էլ գտնվում է Հայաստանում։
Այն հանգամանքը, որ այժմ Թուրքիային պատկանող այդ տարածքում, որտեղ հայտնաբերվել է մասունքը, ժամանակին հայեր են ապրել, շատերն ամենևին հիմք չեն համարում հայերի պահանջը բավարարելու համար՝ տրամաբանելով այսպես. ինչպե՞ս եք դուք պատկերացնում, որ Բրիտանական թանգարանը Հայաստանին փոխանցի այն, ինչը հայտնաբերվել է Թուրքիայի տարածքում։ Գոնե գիտական լուրջ հիմնավորում բերեիք, որ այդ արձանն իրոք հայկական է։ Որովհետև, երբ փաստում եք, թե արձանի գլուխը և ձեռքը հայտնաբերվել են ոչ հեռու այն վայրից, որտեղ գտնվում էր Արամազդի դստեր՝ Անահիտի տաճարը, ընդդիմախոսներն էլ հիշեցնում են՝ բայց հենց այդ վայրում էլ այն ժամանակ գտնվում էր հռոմեացի զինվորների մեծ ճամբարը, այսինքն, բոլորովին բացառված չէ, որ հենց զինվորականներն էին արձանն իրենց հետ բերել Հռոմից։
Բոլոր դեպքերում, հայաստանցի երիտասարդների սկսած շարժումը արդեն այն ժամանակ՝ 2012 թվականին, որոշակի արդյունք տվեց։ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյ Լիչը լրագրողներին հայտնեց, որ Բրիտանական թանգարանից կա դրական արձագանք՝ Անահիտ աստվածուհու արձանի մասունքները ժամանակավոր ցուցադրել Հայաստանում։
«Այս քայլը,- ասաց դեսպանը,- կդիտվի որպես հայ-բրիտանական հարաբերությունների խորացման և թանգարանների միջև համագործակցության հրաշալի օրինակ»։ Արմեն Աշոտյանի արձագանքն այսպիսին էր. «Հայկական կողմը չի բավարարվելու ժամանակավոր ցուցադրությամբ, մենք կպայքարենք արձանի մասունքների Հայաստան վերջնական տեղափոխման համար, բայց մենք դիտարկում ենք այս քայլը որպես Հայաստանի հասարակությանն ընձեռված հրաշալի առիթ՝ վերադարձնելու մեր հպարտությունը, մեր մշակութային արժեքները»։
Տասը տարուց ավելի Անահիտից լուր չկար։ Եվ վերջապես օրերս հայտարարվեց՝ Բրիտանական թանգարանը այս տարվա սեպտեմբերին կկազմակերպի մասունքի ժամանակավոր ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում։
Մի հարց, սակայն, մինչև հիմա այդպես էլ մնում է անպատասխան՝ կկարողանա՞ արդյոք «հայկական Աֆրոդիտեին» տեսնել նրա վերադարձի համար այդքան ջանք գործադրած, բայց այժմ «Նուբարաշենում» ճաղերի հետևում գտնվող Արմեն Աշոտյանը»։