Պետք է բացառվեն կենսական զիջումները և կորուստները. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել Հայաստան – Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի և դրանից բխող պայմանագրի վերաբերյալ:
ՀՅԴ տարածած հայտարարությունում ասվում է. «Հետևելով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջև ընթացող բանակցային գործընթացին, ուսումնասիրելով երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները՝ արձանագրում ենք.
– քննարկվող փաստաթղթի համաձայնեցման գործընթացում Ադրբեջանը ձգտում է դե յուրե ամրագրել ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռքբերածը՝ ցեղասպանական գործողություններով իրականացված էթնիկ զտման միջոցով Արցախի բռնակցման և ՀՀ որոշ տարածքների բռնազավթման մասով՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարավորությունը,
– ըստ էության այսպիսի փաստաղթղթով Ադրբեջանը փորձում է փակել Արցախի հարցը: Ավելին, մեծանում են սպառնալիքները Հայաստանի նկատմամբ, Հայաստանի Հանրապետությունը չի ստանում հավելյալ որեւէ երաշխիք՝ իր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը ապահովելու համար, ինչպես նաև չեն ստեղծվում գործուն մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի կանխել Ադրբեջանի կողմից հետագա թշնամական գործողությունները՝ ներառյալ ռազմական ագրեսիան:
Ստեղծված պայմաններում, հաշվի առնելով առկա իրողությունները, ազգային -պետական շահերի պաշտպանության հիման վրա հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա առնվազն հետեւյալ սկզբունքների համաձայն
1.Վստահության մթնոլորտի ձևավորման նպատակով որպես նախապայմաններ դիտարկել ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, ինչպես նաև բոլոր ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձը, առկա հումանիտար բնույթի խնդիրների լուծումը և մշակութային ժառանգության պահպանումը։
2.Տևական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ պայմանագիրը լինի հարաբերությունների կարգավորման ամբողջական փաստաթուղթ, հարգի կողմերի օրինական շահերը և ընդգրկի լուծումներ համաձայնեցման ենթակա հարցերի ողջ փաթեթով։
Որևէ համաձայնություն չպետք է վտանգի հայ ժողովրդի անժամանցելի և անօտարելի իրավունքները։ Պետք է բացառվեն կենսական զիջումները և կորուստները՝ հստակ ամրագրելով մեր շահերը գործող ՀՀ սահմանադրաիրավական և միջազգային նորմերին ու դիվանագիտական պրակտիկային համահունչ։
4․ Սահմանազատման և սահմանագծման հիմք պետք է հանդիսանան Ադրբեջանական Հանրապետության ԱՊՀ անդամակցման պահին (սեպտեմբեր 24, 1993) գործող փաստացի սահմանները։ Երկու երկրների միջև սահմանազատումը և սահմանագծումը պետք է համապատասխանի միջազգային լավագույն պրակտիկային ու նորմերին և պետք է բխի «ՄԱԿ-ի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի» (1969) «Հելսինկիի եզրափակիչ ակտի» (1975) և ԵԱՀԿ քարտուղարության «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում, հրատապ հարցեր և լուծման ուղիներ» (2017) փաստաթղթի հայեցակարգային նորմերից, այդ թվում այն սկզբունքից, համաձայն որի առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռք բերված ցանկացած միջազգային համաձայնություն։
5․ Տրանսպորտային և հաղորդակցության այլ ուղիների ամբողջական և միաժամանակյա ապաշրջափակում, առանց ինքնիշխանության որևէ սահմանափակման։
Մինչև Արցախի հարցի վերջնական քաղաքական կարգավորումը և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների լիակատար իրացումը ապահովել արցախահայերի հավաքական, անխոչընդոտ և անվտանգ վերադարձը հայրենիք՝ հիմնված էթնիկ զտման հետևանքով բռնաճշնումների ենթարկված և բռնի տեղահանված անձանց իրավունքների լիարժեք հարգման վրա:
Վերադարձի նախապայման պետք է դիտարկել.
– Արցախին միջանկյալ կարգավիճակի տրամադրումը՝ ապահովելով ողջ ծավալով արցախահայերի միջազգային նորմերով երաշխավորված քաղաքացիական և քաղաքական իրավունքները,
– Արցախի ժողովրդի անվտանգության գործուն երաշխիքների ապահովումը, ներառյալ՝ խաղաղապահ ուժերի տեղակայումը,
– Հայաստանի հետ անխոչընդոտ ցամաքային կապի ապահովումը։
Առանց այս սկզբունքների պահպանման ստորագրված որևէ փաստաթուղթ չի նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, այլ վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը։