
Հունգարիան «չի կարող և չի խանգարի ուրիշներին» ֆինանսավորել Ուկրաինային․ Հունգարիայի ԱԳՆ

Հունգարիան վետո չի դնի խաղաղության եվրոպական հիմնադրամի ավելացման վրա, որից ֆինանսավորվում են Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները, բայց ինքը չի մասնակցի դրա աշխատանքներին:
Այս մասին VRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա հիշեցրել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունն առաջարկել է 2024 թվականին 5 միլիարդ եվրոյով ավելացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամը՝ Ուկրաինային զենքի մատակարարումն ընդլայնելու համար։
«Քանի որ զենքի մատակարարումը մեզ համար կարմիր գիծ է, մենք դրան չենք մասնակցի»,- ասել է արտգործնախարարը։
Միևնույն ժամանակ, նա խոստովանեց, որ Հունգարիան «չի կարող և չի խանգարի ուրիշներին դա անել»:
«Նրանք իրենք են պատասխանատու դրա համար», – ավելացրել է Սիյարտոն, ում հարցազրույցը Բուդապեշտում տարածել է իր գերատեսչության մամուլի ծառայությունը: