Անահիտ Ավանեսյանը քաղցկեղի դեմ պայքարի համատեքստում կարևորեց առողջության ապահովագրության համակարգի ներդրումը
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քաղցկեղի դեմ պայքարի, կանխարգելման, վաղ հայտնաբերման համատեքստում կարևորեց առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը:
Ավանեսյանը նման տեսակետ հայտնեց Ջերմուկում անցկացվող Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսի շրջանակում ունեցած ելույթում:
«Վերջին տարիներին Հայաստանը քաղցկեղի դեմ պայքարում արձանագրել է իսկապես մեծ հաջողություններ: Մենք ունենք առաջին անգամ հայտնաբերված դեպքերի աճ, մահացության նվազում: Եվ մահացության նվազումը տարեցտարի արձանագրվում է: Անցյալ տարի մահացությունը նվազել է 3-4 տոկոսով: Եվ մեզ այս ցուցանիշները, իհարկե, շատ հուսադրող են թվում»,-ասաց նախարարը:
Սակայն Ավանեսյանը շեշտեց նաև, որ այս արձանագրումներով չեն բավարարվելու: Պետության կողմից հոգածության շրջանակի ընդլայնումը, պետական պատվերի մեծացումը, հասանելիության մեծացումը, նոր տեխնոլոգիաների ներդրումները, ենթակառուցվածքների փոփոխությունները, մասնագետների շարունակական կրթությունը ընթացիկ բարելավումներ են: Սակայն, ըստ նախարարի, դրանք դեռ հատվածական են:
«Եվ, իհարկե, առաջիկա տարիների ամենամեծ ռեֆորմը, որը պետք է լինի ու փորձի ամբողջական լուծումներ տալ քաղցկեղի դեմ պայքարին, առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումն է»,-ասաց նախարարը՝ շեշտադրելով հիվանդության կանխարգելման գործոնը:
Նրա խոսքով՝ ոչ վարակիչ հիվանդությունների համամասնությունը փոխվելու է Հայաստանում: «Եթե այսօր սրտանոթային հիվանդություններից մահացությունն առաջին տեղում է, տարիների ընթացքում կյանքի միջին տևողության երկարացման և որակի բարելավման պարագայում մեզ մոտ քաղցկեղով հիվանդություններն աճելու են, որը համահունչ է համաշխարհային տենդենցներին: Սա նշանակում է, որ մեր ուշադրությունը թե՛ առողջ ապրելակերպին, թե՛ ռիսկի գործոնների նվազեցմանը, թե՛ կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանը շատ ավելի կարևոր են դառնում»,-ասաց Ավանեսյանը:
Նախարարը խոսեց նաև առողջապահական համակարգում արհեստական բանականության դերակատարության մասին:
Ավանեսյանը կարևորեց նաև միջազգային համագործակցությունն ու ողջունեց կոնգրեսին մասնակցող մասնագետներին, որոնք եկել են արտերկրից՝ հավելելով, որ առողջության համար պայքարը համամարդկային է: