Փաշինյանն իրավունք չունի առաջնորդելու մեր ժողովրդին, նա պառկել է Ալիևի տակ և բավարարում է նրա բոլոր պահանջները․ Լևոն Զուրաբյան  

Նիկոլ Փաշինյանի պրոպագանդան մի կողմից՝ իսկապես, Ալիևի ճնշման ներքո փորձում է Սահմանադրություն փոխել, մյուս կողմից՝ թեզ է նետել, թե իբր ընդդիմությունն է նման բան պնդում, և թե իրականում իբր Ալիևի պարտադրանքը չկա։ Բայց ակնհայտ է, և դա իրենք չեն էլ թաքցնում, վկան՝ Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի ելույթները, որ կատարվում են Ալիևի պահանջները։ Իրենց թվում է, թե այդ թեզը նոր է ասվում, բայց իրականում Ալիևն առաջին անգամ այդ մասին խոսել է 2021-ին։ Այն ժամանակ նա նկատի ուներ Անկախության հռչակագրի այն հղումը, որը վերաբերում է ՀՀ-ի կողմից Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սատարելուն։ Հիմա արդեն խոսքը նաև 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հայտնի որոշման հղումը հանելու մասին է, այսինքն՝ Ալիևի պահանջները գնալով ավելանում են։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Այս բոլոր քայլերն արվում են Ալիևի ճնշման ներքո։ Փաշինյանի վերջին հարցազրույցն անհեթեթության նոր ռեկորդներ սահմանեց։ Նիկոլի ելույթները պարկեշտության և տգիտության բոլոր սահմաններն անցնում են, և այս անգամ էլ նա զարմացրեց։ Նա խոսում է լեգիտիմության մասին, թեզ է առաջ քաշում, թե իբր մեր անվտանգության համար կարևորագույն հարցը մեր անվտանգային նպատակի լեգիտիմությունն է։ Իբր՝ մենք պետք է մեր օրակարգը համապատասխանեցնենք աշխարհի օրակարգին, պետք է լեգիտիմացնենք մեր գոյությունը, կադաստրի թուղթ ուզենք։ Ոչ լեգիտիմության գագաթնակետը ձեռք բերվեց հենց Փաշինյանի օրոք, երբ նա հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների քննարկումից և դա օգտագործեց՝ որպես պատրվակ չբանակցելու համար»,- ասաց քաղաքական գործիչը։

«Փաշինյանը մարտահրավեր նետեց միջազգային հանրությանը, մեր լեգիտիմության գլխավոր խախտողը հենց նա է։ Պարտությունից հետո նա ընկել է լրիվ հակառակ ծայրահեղության մեջ։ Այսօր նա մեր ներքին օրակարգն է համարում ոչ լեգիտիմ, ասում է՝ ամեն ինչ պիտի ենթարկենք համաշխարհային հանրությանը, թեև իրականում նկատի ունի՝ Ալիևի և Էրդողանի քմահաճույքին։ Այս մարդիկ որևէ համոզմունք ու սրբություն չունեն, և այն վերաբերմունքը, որը նրանք ունեն Անկախության հռչակագրի, Սահմանադրության և պետական սիմվոլների նկատմամբ, ապացուցում է դա։

Կարդացեք նաև

Փաշինյանը 2008-ին Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածի գաղափարակիրն էր, իսկ 2015-ին մեղադրում էր Տեր-Պետրոսյանին, թե նա դավադրության մեջ է Սերժ Սարգսյանի հետ՝ Արցախի հարցն իբր լուծելու համար։ Իրենց համար համոզմունք գոյություն չունի»,- նշեց Զուրաբյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Փաշինյանն ավերելու մոլուցքով մտել է մի նոր հավատի մեջ, ըստ որի՝ մենք ներքին քաղաքական օրակարգ չպետք է ունենանք․

«Ըստ Փաշինյանի՝ Ալիևն ու Էրդողանը ցուլ են, մեր Սահմանադրությունն էլ կարմիր շոր է։ Ասում է՝ եթե մենք Սահմանադրությունը չփոխենք, մեզ կուտեն, բայց եթե փոխենք, չի կարող երաշխիք տալ, որ ամեն ինչ լավ կլինի։ Փաշինյանն անցել է փորձարարական դաշտ, որտեղ ասում է՝ զիջենք, տեսնենք՝ մեզ կուտե՞ն, բանակ չկառուցենք, և այլն։ Պնդում է, թե բանակը պետք է ուժեղացվի, բայց ոչ այնքան, որ կողքից մտածեն՝ որևէ մեկին սպառնում ենք։ Սա թշնամանք է սեփական ժողովրդի նկատմամբ, սա աշխարհում չտեսնված ու չլսված բան է։ Ամենածանր ու նվաստացուցիչ զիջումն էլ ենթադրում է, որ դրա դիմաց ինչ-որ բան պիտի ստանաս, իսկ սա այդ ստանալիքն էլ չի ստանում»:

«Ալիևի ախորժակը բացվում է, նա իր առջև տեսնում է մի անհեթեթ ղեկավարի, որը պատրաստ է ամեն պահի ծախել իր երկրի շահերը։ Փաշինյանը մեր ժողովրդին առաջնորդելու իրավունք չունի, նա Ալիևի տակ պառկած մարդ է, և դա տեսնելով՝ Ալիևը նորանոր պահանջներ է ներկայացնում։ Փաշինյանն այսօր Իլհամ Ալիևի պրոքսին է, նրա խամաճիկը, Հայաստանի գծով Ալիևի փոխնախագահն է»,- ամփոփեց Լևոն Զուրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս