Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված անվճար սքրինինգային ծրագիրը կընդլայնվի

Աշխարհում ամեն տարի գրանցվում է քաղցկեղային հիվանդությունների 10 մլն-ից ավելի նոր դեպք։ Դրանց պատճառով աշխարհում տարեկան մահացության ցուցանիշը 5 մլն-ից ավելի է։ Հայաստանում նախորդ տարի գրանցվել է քաղցկեղային հիվանդությունների 8000 նոր դեպք։ Տարվա կտրվածքով մահերի ցուցանիշը կազմել է մոտ 5000։ Տղամարդկանց մոտ ավելի հաճախ հանդիպում է թոքի և շնչառական ուղիների քաղցկեղը, կանանց շրջանում՝ կրծքագեղձի քաղցկեղը։

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ երկարաժամկետ կտրվածքով դինամիկան ցույց է տալիս, որ նկատվում է քաղցկեղային հիվանդությունների աճի միտում, թեպետ կան քաղցկեղի տեսակներ, որոնք մահացության առումով միտում ունեն նահանջելու։

«Օրինակ՝ կրծքագեղձի, հաստ աղիքի, արգանդի վզիկի քաղցկեղի ուղղությամբ մահացության տեսանկյունից նկատվում է նահանջ։ Այս ուղղություններով հիվանդությունը հաջողությամբ կարելի է կանխարգելել՝ վաղ շրջանում հայտնաբերելու դեպքում։ Ասեմ, որ, օրինակ՝ մեզ մոտ կրծքագեղձի քաղցկեղի բուժման մեթոդները համարժեք են միջազգային հնարավորություններին և այստեղ բուժման առումով լուրջ հաջողություններ ենք գրանցում։ Այստեղ շատ կարևորվում են կանխարգելիչ միջոցառումները, մասնավորապես, սքրինինգները, որոնք հնարավորություն են տալիս կանանց անվճար հետազոտվել և հիվանդության առկայության դեպքում այն վաղ հայտնաբերել»,-ասաց Արթուր Ավետիսյանը։

Կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ, «Breast Care» նախագծի ղեկավարի Ներսես Բերբերյանը նկատեց, որ վերջին տարիներին բուժառուների շրջանում նկատվում է կանխարգելիչ այցերի աճ։ Եթե տարիներ առաջ շատ քչերն էին պարզապես հետազոտվելու համար դիմում, ապա այսօր այդ պատկերը փոխվել է։

«Սա բավական ուրախացնող փաստ է։ Միայն այս դեպքում է հնարավոր կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարել, քանի որ պարբերաբար հետազոտվելու պարագայում բուժման արդյունավետությունը շատ ավելի բարձր է լինում։ Գրեթե լինում է լիարժեք բուժում, ընդհուպ մինչև 100 տոկոս արդյունք։ Դրա համար մեր հորդորն է՝ պարբերաբար հետազոտվել՝ առանց սպասելու գանգատների»,-ասաց Ներսես Բերբերյանը։

ՀՀ առողջապահության նախարարությունը կարևոր շեշտադրում է կատարում քաղցկեղային հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումների վրա՝ ժամանակ առ ժամանակ դրանք լավարկելով։ ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է անվճար հետազոտությունների սքրինինգային ծրագիրն ընդլայնել։ Օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագրի շրջանակում եթե մինչ այս շրջիկ կենտրոնները լինում էին մարզերում և տեղերում որոշակի ժամանակահատվածում հնարավոր էր լինում հետազոտվել, ապա շուտով անվճար հետազոտության ծառայությունը հանրապետության ամբողջ տարածքում հասանելի կլինի ամբողջ տարվա ընթացքում։

«Ներկայում ակտիվ աշխատանքներ են ընթանում համապետական մակարդակով տարածելու եղած սքրինինգային ծրագիրը, մասնավորապես՝ կրծքագեղձի, կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը։ Այսօր էլ տարբեր ձևաչափերով սքրինինգային ծրագրեր իրականացվում են, սակայն, ցավոք, հետազոտվողների ընդգրկվածության ցուցանիշը դեռ բավարար չէ։ Այստեղ մենք բնակչությանն առավել շատ իրազեկելու, հետագա ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ շատ անելիք ունենք»,-ասաց Քնար Ղոնյանը։

Քնար Ղոնյանը տեղեկացրեց, որ 2019 թվականից սկսած չարորակ նորագոյացության հաստատված ախտորոշման դեպքում ամբողջ վիրաբուժական միջամտության ծավալը պետությունը երաշխավորում է բոլոր ՀՀ քաղաքացիների համար։ Ճառագայթային բուժումը ևս պետությունն ապահովում է անվճար, իսկ քիմիաթերապիայի բուժումն իրականացվում է համաֆինանսավորմամբ։

Տեսանյութեր

Լրահոս