Այս մի աղբյուրն էլ է չորանում

Ռուս-ուկրաինական հակամարտությունից մեծապես շահեցին հատկապես հայաստանյան բանկերը։ Հակամարտության առաջին տարում, երբ ռուսական կապիտալի հոսքերը սկսեցին սպասարկվել հայաստանյան բանկերի միջոցով, ֆինանսական այս կառույցները մեծ շահույթներ ստացան։

2022թ. բանկային համակարգի շահույթները հասան գրեթե 263 մլրդ դրամի, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ էր, որը բանկեր նույնիսկ չէին կարող երազել։ Այն գրեթե երեք անգամ գերազանցում էր նախորդ տարվա շահույթի մակարդակը։ Մինչև աշխարհաքաղաքական վերջին զարգացումներն ու կապիտալի հսկայական հոսքերը դեպի Հայաստան, բանկերի զուտ շահույթները հասնում էին առավելագույնը 85-90 մլրդ դրամի։

2022թ. դրանք ավելացան 176 մլրդ դրամով, ինչի արդյունքում էապես աճեցին նաև բյուջե վճարվող շահութահարկի գումարները՝ մեծ խանդավառություն պարգևելով իշխանություններին։

Սակայն այս մի աղբյուրն էլ աստիճանաբար սկսել է չորանալ։ Հակամարտությանը հաջորդող տարում բանկերի շահույթների նվազում արձանագրվեց։

Կարդացեք նաև

Անցած տարի հայաստանյան բանկերը ստացել են 230 մլրդ դրամի զուտ շահույթ, որը գրեթե 33 միլիարդով կամ 12,5 տոկոսով զիջում է նախորդ տարվա մակարդակը։

Բանկերի շահութաբերության նվազումը կապված էր տարբեր գործոնների, այդ թվում՝ Արցախում ստեղծված իրավիճակի հետ, բայց ակնհայտ է հատկապես դրսից ստացվող ֆինանսական հոսքերի կրճատման ազդեցությունը։ Դա երևաց, մասնավորապես, անցած տարվա երկրորդ կեսին։ Մասնավոր տրանսֆերտների տեսքով ստացվող գումարները, որոնց մեծ մասը առևտրային փոխանցումներ էին, սկսեցին կրճատվել։

Հայաստանի բանկային համակարգում շահույթների նվազում նկատվեց արդեն երկրորդ եռամսյակում։ Բանկերի շահույթները կազմեցին 72 մլրդ դրամ, որը թեև փոքր գումար չէր, բայց զիջում էր շահութաբերության այն մակարդակին, որը ֆինանսական կառույցներն ունեցել էին նախորդ տարվա նույն շրջանում։

Նախորդ տարվա երկրորդ եռամսյակում բանկերը ստացել էին 80 մլրդ դրամի զուտ շահույթ՝ 8 միլիարդով շատ, քան ստացան անցած տարի։

Երկրորդ եռամսյակում բանկերի շահույթները 10 տոկոսով կրճատվեցին։

Նույն միտումն արձանագրվեց նաև երրորդ եռամսյակում։ Թեև բանկերը շարունակեցին գտնվել շահութաբերության բավական բարձր մակարդակում, այնուհանդերձ շահույթներն ավելի քիչ էին, քան մեկ տարի առաջ։

Նախորդ տարվա երրորդ եռամսյակում համակարգը ստացել էր՝ 77 մլրդ դրամի, 2023թ. նույն եռամսյակում ստացավ 73 միլիարդի զուտ շահույթ։

Երրորդ եռամսյակում բանկերի շահույթները կրճատվեցին գրեթե 5,2 տոկոսով։

Տարեվերջին բանկերի շահութաբերության մակարդակը կտրուկ ընկավ։

Չորրորդ եռամսյակում բանկային համակարգի շահույթները կազմեցին ընդամենը 15 մլրդ դրամ։ Անգամներով ավելի քիչ՝ ինչպես նախորդ եռամսյակների, այնպես էլ՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա չորրորդ եռամսյակում բանկային համակարգի շահույթները կազմել էին 75 մլրդ դրամ։

2023թ. չորրորդ եռամսյակում բանկերի շահույթները 5 անգամով կրճատվեցին։

Որոշ բանկեր հայտնվեցին վնասաբերության բարձր մակարդակի վրա։

Խոսքը վերաբերում է հատկապես «Արցախբանկին», որը տարին փակեց ավելի քան 24 մլրդ դրամ վնասով։

Մինչև չորրորդ եռամսյակ բանկը շահույթով էր աշխատում։ Շահույթները, ճիշտ է, նախորդ տարվանից քիչ էին, բայց կազմել էին 4,4 միլիարդ դրամ։

Արդեն չորրորդ եռամսյակում բանկի շահույթներն ամբողջությամբ զրոյացան։ Գրանցվեց վնասաբերության բավական բարձր մակարդակ, որը կապված էր Արցախում ստեղծված իրավիճակի հետ, երբ հայտնի դարձավ, որ բանկի նկատմամբ կուտակված պարտավորությունները կամ դրանց մեծ մասն անհնարին է վերադարձնել։

Անցած տարին վնասով փակեց նաև «Արմսվիսբանկը»։ Բանկի վնասները կազմեցին 2,2 մլրդ դրամ։

Մի շարք բանկեր էլ, չնայած աշխատեցին շահույթով, այնուհանդերձ շահութաբերության մակարդակը նվազեց։

Շահույթների կրճատումն ակնառու է հատկապես «Էվոկաբանկի» պարագայում։ Նախորդ տարվա գրեթե 26 միլիարդի փոխարեն՝ բանկի շահույթները կազմեցին 11 մլրդ դրամ՝ 2,3 անգամ քիչ։

«Արարատբանկում» շահույթները կրճատվեցին գրեթե 1,8 մլրդ դրամով։

Բավական կտրուկ կրճատում արձանագրվեց նաև «Հայէկոնոմբանկում»։ Նախորդ տարվա 7,1 մլրդ դրամից շահույթներն իջան 4,7 միլիարդի։

«Ֆաստ Բանկի» պարագայում շահութաբերության մակարդակը նվազեց ավելի քան 1,5 միլիարդով՝ կազմելով գրեթե 4,4 միլիարդ։

Եղան նաև բանկեր, որոնց շահույթներն անցած տարի շարունակեցին ավելանալ։ Բայց տարեվերջին շահութաբերության մակարդակը բավական ընկավ։

Բանկային համակարգում զուտ շահույթների մեծությամբ առաջատարը շարունակում է մնալ «Արդշինբանկը»։ Այս բանկին բաժին է ընկնում համակարգի շահույթների ավելի քան 27 տոկոսը։ Անցած տարի դրանք կազմեցին շուրջ 62,7 միլիարդ՝ 464 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա մակարդակը։

«Արդշինբանկի» շահույթները տարադրամով արտահայտված հասնում են 155 մլն դոլարի։

Այնուհանդերձ, տարեվերջին այս բանկում ևս շահութաբերության աճը դանդաղեց։ Եթե տարեսկզբի առաջին երեք եռամսյակներին ստացվել է գրեթե 57 մլրդ դրամի շահույթ, չորրորդում ստացվեց 6 միլիարդից պակաս։

Բանկային համակարգում շահույթներով երկրորդն «Ամերիաբանկն» է։ Այն ստացել է 46 մլրդ դրամի շահույթ՝ գրեթե 1,8 միլիարդով ավելի, քան նախորդ տարի։

Ավելացել են նաև Ակբա և Ինեկո բանկերի շահույթները։ Նախորդ տարվա վնասաբեր գործունեությունից դուրս է եկել «ՎՏԲ-Հայաստան բանկը»։

Թեև անցած տարվա գործունեության արդյունքում որոշ բանկեր շարունակել են շահույթների ավելացում գրանցել, այնուհանդերձ նախկին աճերն այլևս չկան։

Տարեվերջին առկա է շահութաբերության մակարդակի լուրջ անկում, նույնիսկ, եթե հաշվի չառնենք Արցախի հետ կապված իրավիճակի ուղղակի ազդեցությունը բանկային համակարգի և հատկապես որոշ բանկերի ֆինանսական ցուցանիշների վրա։ Արտաքին գործոնների ազդեցությունը բանկային համակարգի շահույթների վրա գնալով թուլանում է, ինչը, անկասկած, շատ ավելի տեսանելի կլինի այս տարվա ընթացքում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս