Երևի 3-րդ Հանրապետությունը թաղել է, Հայաստանը դարձրել է ապրանք, աջ ու ձախ ծախում է. բրենդավորում ասելով՝ դա նկատի ունի. Կարեն Քոչարյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2-րդ քաղաքական ժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմելով մասնակիցներին՝ ասել էր, որ առնվազն պետք է սկսել մտածել 4-րդ Հանրապետության ստեղծման մասին։

«Մենք այսօր ստեղծել ենք բոլորովին ուրիշ պետություն: Մենք այսօր այն պետությունում չենք ապրում, որ պետությունում ստանձնել ենք իշխանությունը և քաղաքական պատասխանատվությունը, և մենք սրանից պետք է անենք որոշակի հետևություններ: Ընդ որում, այդ պետությունը փոխվել է 2018թ.-ին: Գուցե ժամանակն է, որ մենք առերեսվենք այդ պետությունը բրենդավորելու անհրաժեշտությանը: Եվ մենք պետք է առնվազն սկսենք մտածել 4-րդ Հանրապետության գաղափարի մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հենց այս ժամանակահատվածում սկսեց խոսել նախ՝ Սահմանադրությունը փոխելու, ապա՝ 4-րդ Հանրապետության և Հայաստանի բրենդավորման անհրաժեշտության մասին։

168.am հետ զրույցում Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այս հարցերին հակիրճ  պատասխան տվեց.

Կարդացեք նաև

«Դե, երևի 3-րդ Հանրապետությունը նա արդեն թաղեց, հիմա 4-րդի մասին է խոսում։ Ես իսկապես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ նկատի ունի՝ բրենդավորում ասելով, կարծում եմ՝ ինքն էլ չի հասկանում, բառեր են, օգտագործում են, էլի։ Եթե ինքը Հայաստանը դարձրել է ապրանք և աջ ու ձախ ծախում է, երևի բրենդավորում ասելով՝ դա նկատի ունի»։

Թե ո՞ւմ էին ուղղված Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները՝ արտաքին աշխարհի՞ն, թե՞ ներքին լսարանին, Կարեն Քոչարյանը պատասխանեց՝ և՛ արտաքին աշխարհին, և՛ ներքին լսարանին։

Հետաքրքիր է, որ  2016 թվականին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ կարծիքի էր Հայաստանի 3-րդ Հանրապետության մասին և իր ելույթներում հայտարարում էր ոչ թե պետությունը բրենդավորելու անհրաժեշտության, այլ  այն պատմության թագը դարձնելու մասին: Մասնավորապես իր կուսակցության  համագումարում  հայտարարել էր. «Հայաստանի 3-րդ Հանրապետությունը պետք է դառնա Հայաստանի բազմահազարամյա պատմության թագն ու պսակը, այսինքն՝ մեր պատմության մեջ չպետք է լինի ավելի փառապանծ էջ, քան պետք է լինի Հայաստանի Երրորդ Հանրապետությունը»։

Տեսանյութեր

Լրահոս