Բաժիններ՝

Արգենտինայում համազգային գործադուլ կանցկացվի՝ ընդդեմ նոր նախագահի բարեփոխումների

Արգենտինայում hունվարի 24-ին կանցկացվի համազգային գործադուլ, որը կազմակերպել են արհմիությունները՝ կապված նոր կառավարության բարեփոխումների հետ։

Ավելի վաղ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը արտակարգ հրամանագիր էր ստորագրել տնտեսության ազատականացման ավելի քան 300 բարեփոխումների մասին. դրանք վերաբերում են բոլոր ոլորտներին և ներկայում քննարկվում են խորհրդարանի կողմից։

Որոշումը, մասնավորապես, ներառում է բնակարանների վարձակալության մասին գործող օրենքի չեղարկում, որից դժգոհ են եղել և՛ վարձակալողները, և՛ տանտերերը, գների կարգավորման չեղարկում, որը կիրառում էր նախկին կառավարությունը՝ սահմանելով առաջին անհրաժեշտության ապրանքների արժեքի շեմ: Հրամանագիրը նախատեսում է նաև աշխատանքային օրենսդրության բարեփոխում, վճարումներ առողջապահության համակարգում, ճանապարհ է բացվում պետական ​​ընկերությունների սեփականաշնորհման համար։

Ենթադրվում է, որ գործադուլն ամենից առաջ կվերաբերի տրանսպորտի ոլորտին, սակայն այն համընդհանուր չի լինի։ Օդանավակայանների աշխատանքը կդադարեցվի կեսօրից մինչև կեսգիշեր։ Գործադուլին կմիանան տարբեր գործարաններ, ձեռնարկություններ, թատրոններ։

Դաշնային իշխանությունները հայտարարել են, որ գործադուլին մասնակցած պետական ​​ծառայողներին մեկ օրվա համար աշխատավարձ չեն վճարի։ Միևնույն ժամանակ Արգենտինայի ամենամեծ նահանգի` Բուենոս Այրեսի կառավարությունը, որը ընդդիմադիր է գործող նախագահին, խոստացել է, որ հարգելու է աշխատողների իրավունքները, և գործադուլին մասնակցելը չի ​​ազդի տարածաշրջանային պաշտոնյաների եկամուտների վրա։ Ավելին, բացառված չէ, որ նահանգային կառավարության անդամները մասնակցեն ցույցին, որն անցկացվելու է Կոնգրեսի շենքի մոտ, որտեղ քննարկվում են Միլեյի բարեփոխումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս