Հայաստանում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով․ ԿԳՄՍ նախարար
Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ Հայաստանում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով։
Ազգային ժողովում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների շուրջ քննարկման ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ 15-ից 19 տարեկան երիտասարդների 20,6 տոկոսը չի սովորում որևէ կրթական ծրագրով։ Վիճակն առավել մտահոգիչ է 20-ից 24 տարեկան երիտասարդների մասով։ Այս տարիքային խումբը ներառյալ՝ չսովորող երիտասարդների համամասնությունը դառնում է 68,8 տոկոս՝ ավելի քան 140 հազար մարդ։ Սա անթույլատրելի է, քանի որ յուրաքանչյուր մարդ արժեք է, ու մարդկային կապիտալի զարգացումն այլընտրանք չունի թե՛ հանրային, թե՛ տնտեսական զարգացման տեսանկյունից»,- ընդգծեց Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ որակավորում չունեցող աշխատուժն առավել խոցելի աշխատուժն է։
«Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, թե ինչպես է մեծանում ռիսկը հետագայում այդ մարդկանց և նրանց ընտանիքների աղքատության, առողջական խնդիրների և բազմաթիվ այլ հարցերի առումով։
Ավելին, այս մարդկանցից շատերն արդեն իսկ սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներ են, որոնց համար նաև հենց այդ պատճառով մասնագիտական կրթություն ստանալը դառնում է լուրջ և հաճախ անհասանելի խնդիր»,- ասաց Անդրեասյանը։