Թուքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (խորհրդարանը) հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու օրինագծին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Քվեարկությանը մասնակցել է 346 պատգամավոր, որոնցից 287-ը կողմ է քվեարկել նախագծին, 55-ը՝ դեմ, ևս 4-ը ձեռնպահ են մնացել։ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանն աջակցել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի նախագահն է երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը։
Այժմ օրինագիծը պետք է հաստատի ու ստորագրի հանրապետության նախագահը։
Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Գերմանիան և ԱՄՆ-ն ողջունել են օրինագիծը վավերացնելու՝ Թուրքիայի խորհրդարանի որոշումը։